Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2017-ի տարեկան զեկույցը:
«Լիարժեք չի գործում լրագրողների գործունեության խոչընդոտման համար պատասխանատվության ինստիտուտը, լրագրողները լիարժեք պաշտպանված չեն», – ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարան է դիմել Հարկային օրենսգրքի հետ կապված, ըստ նրա, քողարկված տեսքով, բացի օրենքով նախատեսված դեպքերը, այլ հարկատեսակներ են կիրառվում:
Որպես խնդիր, օմբուդսմենը նշեց, որ մեզ մոտ 37,4 տոկոսով գերազանցված է կալանավորների ու դատապարտյալների ցուցանիշը. «Անձը, երբ կալանավորվում է, մարդը հնարավորություն չունի քննիչի արգելքից հետո տեսակցել իր մերձավոր հարազատներին, ավելին՝ ընտանիքի անդամին: Մարդը կարող է 2-3 տարի իր ընտանիքի անդամին չտեսնել, սա անթույլատրելի է: Լրացուցիչ զրկանքի հետ գործ ունենք: Սրանք պատճառ են դառնում ինքնավնասումների, ինքնասպանությունների համար: Մենք նույնիսկ դեպք ունենք, փաստաբանը պատմում է, որ դատապարտյալը խնդրել էր, որ իր փաստաբանը գա եւ պատմի իրեն իր ընտանիքի անդամների մասին: Այս ակտը պետք է կիրառվի դատարանի կողմից, եւ առնվազն դատախազի միջնորդությամբ, քննիչը չպետք է կապվի այս որոշման հետ: Եթե նախաքննություն է գնում, չի նշանակում, որ մարդը ավտոմատ պետք է զրկվի ընտանիքի անդամին տեսակցելուց»:
Օմբուդսմենը խոսեց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դասագրքերն անվճար տրամադրելուց: Ասաց, որ հիմա վիճելի է, թե ինչ սկզբունքով են անվճար դասագրքերը տալիս՝ ծնողական խորհուրդների միջոցով. «Ունենք դեպքեր, երբ ծնողները ամաչում են այդ հարցը բարձրացնել՝ մտածելով, որ երեխան կարող է խարանի ենթարկվել: Ինձ ասում են՝ այդ դեպքում պետք է պայուսակն էլ անվճար լինի, կոշիկն էլ, բայց դա ծայրահեղություն է, դասագիրքը անհրաժեշտություն է: Եթե կոշիկ չունենա երեխան, էլի կարող է գնալ դպրոց, բայց առանց դասագրքի գնալ չի կարող, որակյալ կրթության վրա է ազդելու:
Անդրադառնալով բանակի հետ կապված խնդիրներին՝ օմբուդսմենն ասաց, որ նախկինում բժշկական եզրակացության հիմնավորման պահանջ չկար, հիմա կա:
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ օմբուդսմենն ասաց, որ միայն թեքահարթակ կառուցելով՝ չի նշանակում, որ հաստատությունը հարմարեցված է նրանց: Պետք է հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները: Նա ասաց, որ դպրոցներում ծնողներ կան, որ չեն ուզում իրենց երեխաների հետ հաշմանդամություն ունեցող երեխա սովորի, նման կարծրատիպեր ունեն: Օմբուդսմենը ընդգծեց հավասարության եւ խտրականության բացառումը, մատչելիությունը: ՄԻՊ գրասենյակը բողոքներ է ստանում հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողից, որ երեխայիս հետ զբոսնում եմ, մարդիկ շատ երկար նայում են: Ըստ Թաթոյանի, մարդիկ պիտի սովորեն ու չնայեն, դա վիրավորական է հաշմանդամություն ունեցող անձի համար:
Կանանց նկատմամբ բռնություններին անդրադառնալով՝ Արման Թաթոյանն ասաց, որ կարծրատիպեր կան, թե կինը պետք է ասոցացվի խոհանոցի հետ, մինչդեռ շատ համեղ կերակուրներ պատրաստող կինը կարող է տնտեսական գործունեության մեջ ներգրավի ու մեծ հաջողություններ գրանցի:
Իգական սեռի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարող է լինել կրկնակի խտրականություն՝ մի հատ աղջիկ լինելու, մի հատ էլ՝ հաշմանդամություն ունենալու:
Թաթոյանն ասաց, որ քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հետ կապված առաջընթաց ունենք, ավելին՝ կոնկրետ ՄԻՊ-ի աշխատակազմում կանայք գերակշռում են, բայց ղեկավար կազմում, մեկ է, տղամարդիկ են ավելի շատ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ