Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը 30-ամյա Դիանա Գասպարյանն է։ Նա ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 2004- 2011 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ «Հայկական ժամանակ»-ը Դիանա Գասպարյանի հետ զրուցեց վերջինիս նշանակման ու ապագա անելքների մասին։ .
– Էջմիածնում տարիներ շարունակ կրիմինալ քաղաքական եւ ոչ քաղաքական միջավայր է եղել։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք աշխատել այս միջավայրում եւ փոփոխություններ անել ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում։
– Կցանկանայի նշել, որ կրիմինալ միջավայրի եւ ընդհանրապես կրիմինալ կլանների ակտիվացման, գործունեության համար ես տեսնում եմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ։ Որպես օբյեկտիվ գործոն՝ կարող եմ նշել տվյալ ժամանակաշրջանում առկա քաղաքական ղեկավարության կողմից տված որոշակի արտոնությունները, ամենաթողությունը, որը շատերին թույլ է տվել գործել օրենքից դուրս։ Ես հավատում եմ, եւ արդեն բոլորը տեսնում են, որ իրողություն է փոխվել, որ մենք այլեւս կառուցում ենք օրենքի երկիր։ Հետեւաբար՝ այդ կրիմինալ շրջանակները չեն շահելու պետության հովանավորությունը։ Որեւէ կլան առավելություն չի ունենա։
– Տիկին Գասպարյան, իսկ Դուք որեւէ կուսակցության հարու՞մ եք։
– Կարող եմ վստահաբար նշել, որ ինքս որեւէ կլանի, խմբավորման մաս չեմ կազմում։ Հետեւաբար՝ ինքս էլ որեւէ կաշկանդվածություն չունեմ որեւէ խմբի առաջ։ Այս պահին անկուսակցական եմ, բայց իմ գաղափարներով հարում եմ ներկայիս վարչապետի քաղաքական թիմին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հնարավոր է՝ առաջիկայում համալրեմ իրենց կուսակցական շարքերը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում