«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
– Ինչպե՞ս կարող էր այդ ամենը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ, եւ որքանո՞վ մեղավորություն ունեն իշխանությունները, պատկան մարմինները։
– Թե ինչպես զինվորի ուտելիքը կարող էր գալ, այդ մեխանիզմը շատ պարզ է։ Երկրապահները երբ գնացել են այնտեղ, փոխարինել են զինվորներին։ Պետությունը համապատասխան մարդու քանակով է ուտելիք իջեցնում, այդ ազատամարտիկի համար դեռ չի իջեցրել, հետեւաբար այդ մարդկանց համար պետք է օգնությունից ուղարկեին ՊՆ-ում եղած պահեստային ուտելիքը եւ դա տվել են։ Մեխանիզմն այսպես է եղել, այլ մարդիկ ուտելիք բերել են, դա ոչ ոք չի կերել, հավաքվել է Հորադիզի իրենց տանը, իրենք էլ հետ գալուց հետո ասել են՝ բարձեք, բերեք այստեղ։
Այստեղ այն խնդիրն է, որ բերվել է, որ կերակրեն կենդանիներին, եւ եթե այդ հիմնավորումը հաստատվում է, սա արդեն լրիվ ուրիշ բան է։ Էականն այն է, որ զինվորի համար նախատեսված ապրանքը հայտնվել է անհատ մարդու նկուղում, որը իր գրաված դիրքով, իր անցած ճանապարհով ամեն ինչ պետք է աներ բանակի համար։ Այստեղ է հիմնական հակադրությունն ու ողբերգությունը։ Երբ ինչ-որ պահեստապետն է այդպես վարվում, հանրությունը դրանից չի զայրանում, բայց երբ սխրանք գործած մարդն է դա անում, արդեն խնդիր է առաջացնում։ Մարդը պատերազմի փորձությանը դիմացել է, այնտեղ սխրանք է գործել, բայց այստեղ ինքը չդիմացավ։
– Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո բոլորը սկսեցին բարձրաձայնել հոկտեմբերի 27-ի հետ կապված տեսանյութերի հարցը՝ ասելով, թե հիմք է ստեղծվում դեպքերը բացահայտելու համար։
– Բազմաթիվ գործընթացներ կան թավշյա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքներ հանդիսանալ, որից ելնելով գործը վերաբացվի։ Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի Ալեքսան Հարությունյանի՝ պաշտպանության նախարարությունում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարություններին, որի տեսաերիզը վստահ եմ՝ Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն եւ հենց իր հրահանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտաք, թե ոչ, այդ տեսաերիզը կա, թե ոչ եւ, եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։
Կա նաեւ երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարեւոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծիկը, դա Ռոբերտ Քոչարյանի եւ գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետեւ այդտեղ է եղել ռազմական ոստիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում՝ ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։ Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժամանակ եղել է ուղիղ խոսակցություն, եւ ոճրագործն իր ձեռքին ուներ թուղթ, որ պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չի կարող նշանակել այո, եւ բանակցողի հետ կարող էր ամեն ինչ ասել, բայց դրա գաղտնի պահելը կասկած առաջացրեց նաեւ ինձ մոտ։ Կամ դատական պրոցեսի ժամանակ 120 վկայի չհարցաքննեցին, գործն արագ փակեցին, ինչու՞։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում