Պետք է սպասել, որ շատ ավելի աղմկահարույց բացահայտումները լինելու են հետագայում։ Այդ բացահայտումների ժամանակ դժվար թե կադրերում երևան դիմակավոր ԱԱԾ-ականներ կամ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները։ Այդ բացահայտումների ամբողջ բեռը տանելու են իրավապահների, այսպես ասած, գրասենյակային աշխատակիցները։ Թալանված հարյուր միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարների հասնող գումարները «չքացել են» բավականին բարդ սխեմաներով, դրանց հիմնական մասը դուրս է բերվել Հայաստանից, վերածվել թանկարժեք անշարժ զույքի Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր, կամ նստել է օֆշորային հաշիվներին, վերածվել ինչ- որ բիզնես ծրագրերի՝ Աֆրիկայում ադամանդների արդյունահանումից սկսած մինչև էներգակիրների առուվաճառք արաբական երկրներում, Ռուսաստանում և այլուր։
Այս ամենը բացահայտելը այնքան հեշտ չի լինելու, բայց այդ գումարների մի զգալի մասը, նույնիսկ մեծ մասը հնարավոր է տարիների ընթացքում վերադարձնել ՀՀ պետբյուջե։ Դա պետք է լինի իրավապահների գործունեության հաջորդ փուլի հիմնական գործառույթներից մեկը։ Դրա համար պետք է հավաքվի պրոֆեսիոնալների կուռ թիմ՝ բաղկացած ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ աշխատակիցներից, հրավիրված հատուկ մասնագետներից և այլն։ Դա հսկայական ջանքեր, ռեսուրսներ ու շատ ժամանակ է պահանջելու։
Բայց մինչ այդ դեռ լինելու են «մասկի շոուներ», և դրանք հիմնականում արդարացված են։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ՀՀ գործող օրենսդրությունը կարելի է ասել ամբողջությամբ բավարարում է կոռուպցիայի դեմ պայքարի այս նախնական փուլում տպավորիչ հաջողություններ գրանցելու համար։ ՀՀ քրեական օրենսգրքում առկա են հստակ ձևակերպումներով առնվազն 4 հոդվածներ, որոնք կարող են դառնալ իրավապահների «ուղեցույց»։ Խոսքը, օրինակ, 310.1 հոդվածի մասին է՝ «Ապօրինի հարստանալը»։ Արդեն նշել ենք, որ այս հոդվածը գործողության մեջ է դրվել մեկուկես տարի առաջ, բայց մինչև Սերժ Սարգսյանի թիկնապահ Վաչագան Ղազարյանի ձերբակալությունը ոչ մի անգամ չէր օգտագործվել։ Այդ հոդվածի տրամաբանությունն այն է, որ եթե պաշտոնատար անձի սեփականությունը 5 մլն դրամով ավելի է, քան նա կարող էր կուտակել իր օրինական եկամուտներով, ապա դա կոչվում է ապօրինի հարստացում, և տվյալ անձը ենթակա է քրեական հետապնդման։ Հիմա մտքի մեջ թվարկեք բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պաշտոնապես հայտնի չեն որպես բիզնեսմեններ, սակայն ունեն ահռելի սեփականություն։ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածը հենց նրանց համար է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում