Հայաստանի քաղաքապետների հրաժարականների շքերթը շարունակվում է, և այն անկասելի է: Արմավիրի, Էջմիածնի, Հրազդանի և մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետների և գյուղապետների հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում արտաքուստ չի երևում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետները հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Քաղաքապետները կարող են հայտարարել որ իրենք կատարել են բոլոր նախընտրական խոստումները, իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայել հարազատ քաղաքի բարեկեցության ապահովման համար, բայց նրանք բոլորից լավ գիտեն, թե այդ աշխատանքի որ մասն է ուղղված եղել սեփական բարօրության ապահովմանը, և հանուն ինչի են իրենք համառորեն պնդում, որ պետք է շարունակեն անշահախնդիր ծառայությունը ժողովրդին, անգամ եթե այդ ժողովուրդը մերժում է իրենց ծառայությունը:
Կասկած չկա, որ առաջիկա մեկ երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Հոկտեմբերի 21-ին Հայաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, և նոր իշխանությունը անելու է ամեն ինչ, որ այդ ընտրություններում թարմացվի համայնքապետների գործող ցուցակը: ՏԻՄ ընտրությունները լինելու են նոր իշխանության առաջին ընտրական քննությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:
Շատ է խոսվում այն մասին, որ նոր իշխանությունը տեղերում թույլ է, ու ընդհանրապես ներկայացված չէ մարզերում: Տեղերում նոր իշխանությունը չունի ուժեղ տարածքային կառույցներ, իսկ առանց այդ կառույցների շատ դժվար է գնալ խորհրդարանական ընտրությունների: Եվ ահա նոր իշխանությունը որոշել է տեղերում ունենալ սեփական ներկայացուցիչները, վերցնելով տեղական իշխանությունները:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում