Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Յագլանդը ստել է Վեհաժողովի առաջ». ԵԵԽՎ պատվիրակներ-ԵԽ գլխավոր քարտուղար հակամարտությունը շարունակվում է

Հունիս 27,2018 11:51

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի միջև բանավեճը շարունակվում է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԵԽԽՎ պատվիրակներ Վլադիմիր Արիևն ու Գեորգի Կանդելակին հարցրին՝ ինչո՞ւ ժամանակին պարոն Յագլանդը, երբ իրեն տեղեկություններ են տրամադրվել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալների մասին, ընթացք չի տրվել:

Ի պատասխան պարոն Յագլանդը վրդովվեց, թե քաղաքական թատրոն սարքել պետք չէ, այլ ուղղակի պետք է վստահել այն անկախ մարմնին, որը ստեղծվել է ԵԽԽՎ պատվիրակների կողմից և այժմ զբաղվում է կոռուպցիոն սկանդալների հետաքննությամբ:

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանից հետո պարոն Կանդելակին ելույթ ունեցավ և Թորբյորն Յագլանդի մասնակցությամբ որոշ փաստեր ներկայացրեց: Նա հայտարարեց. «Այսօր պարոն Յագլանդը վրդովվեց իմ և պարոն Արիևի հարցերից, որոնք վերաբերում էին հակակոռուպցիոն մարմնի հետաքննության մի կոնկրետ դրվագի: Դրվագը բավականին կարևոր է: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ 2011-ին այն ժամանակվա Ադրբեջանի դեսպանը Եվրախորհրդում հանդիպել է պարոն Յագլանդին և նրա անձնական գրասենյակի ղեկավարին ու ներկայացրել մանրամասներ կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, որոնք ընթանում էին Եվրոպայի խորհրդում: Մինչդեռ պարոն Յագլանդը պնդում է, որ այդ հանդիպմանն ինքը դեսպանի հետ խոսել է նրա երկրում կոռուպցիայի մասին, այլ ոչ թե ԵԽ-ի ներսում»:

Այնուհետև հիշեցնելով, որ մեկ օր առաջ ԵԽ-ում հրավիրված ասուլիսի ընթացքում 2006-2012թթ. Եվրախորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամադովի ներկայացրած փաստերը, պարոն Կանդելակին նշեց. «Երեկ պարոն Մամադովն այստեղ ներկայացրեց խնդրի այլ տեսանկյուն և բավականին մանրամասն կերպով ներկայացրեց իր և պարոն Յագլանդի խոսակցությունները: Ինձ համար դրանք համոզիչ էին և մերժեցին պարոն Յագլանդի ներկայացրած իրավիճակը: Դրանք վկայում են այն մասին, որ պարոն Յագլանդը վեհաժողովի առաջ ստել է: ԵԽ գլխավոր քարտուղարը պնդում է իր տարբերակը: Լավ, բայց 13.27 Կանոնը, որը վերաբերում է խարդախությանը եւ կոռուպցիայի իրազեկմանն ու կանխմանը, 2011-ին ստորագրվել է հենց պարոն Յագլանդի կողմից: Համաձայն այդ փաստաթղթի 4-րդ հոդվածի՝ քարտուղարության անդամները պարտավորված են հայտնել ցանկացած կասկածի մասին, որը վերաբերում է կոռուպցիային և խարդախությանը, ԵԽ ղեկավարություն: Այդ մասին հայտնելը ոչ թե ընտրության հարց է, այլ պարտավորություն: Ես հարցրի պարոն Յագլանդին՝ ինչո՞ւ այն տեղեկությունները, որ իրեն և պարոն Բերգերին հայտնել են, նա չի փոխանցել ԵԽ ներքին վերահսկողության ղեկավարություն: Այսօր մի պարզ հարց է մեզ հետաքրքրում՝ արդյոք նրանք կվկայե՞ն այդ հանդիպման մասին: Այս հարցը պահանջում է այո կամ ոչ պատասխան: Հետևաբար, եթե պարոն Յագլանդը խուսափում է պատասխանել այս հարցին, դա նշանակում է նա խուսափում է ընդունել, որ նման հանդիպումներ եղել են: Այս խնդիրը հետագայում ևս ուշադրություն է պահանջում, և գլխավոր քարտուղարը պետք է բացատրություն տա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930