Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսիր-Բրայերսը շնորհավորելով նորանշանակ պետի մասնագիտական գործունեության մեկնարկը` համառոտ ներկայացրեց Հայաստանում իրականացվող ծրագրերը:
«ԱՄՆ կառավարությունը կարևորում է իր դերը միգրացիայի և փախստականների հիմնախնդիրների լուծման առնչությամբ, որն արտահայտվում է ՄԱԿ ՓԳՀ-ի, պետական և հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում Միգրացիոն ծառայության հետ»,- նշեց տիկին Բեսիր-Բրայերսը։
Նա նաև անդրադարձավ ապաստան հայցողների համար Աբովյան քաղաքում նախատեսվող նոր կացարանի կառուցման նպատակով ԱՄՆ կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերելու հնարավորության մասին: Բացի դրանից, օժանդակություն կցուցաբերվի նաև ապաստան հայցողների գործող կենտրոնին: ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ սա աննախադեպ մեծ սատարում կլինի ապաստան հայցողների համար նախատեսվող շուրջ 120 անձանց ընդունելու հնարավորությամբ նոր կացարանի ստեղծման գործում։ Նա իր երախտագիտությունը հայտնեց տիկին Բեսիր-Բրայերսին` ընդգծելով Դեսպանատան աջակցության կարևորությունը Ծառայության աշխատանքներին և հույս հայտնելով, որ դրանք ամուր շարունակական հիմքերի վրա են։
Արմեն Ղազարյանը հյուրերին նաև տեղեկացրեց ինտեգրման և վերաինտեգրման հարցերով ֆորումների առաջիկա հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկման են դրվում ՀՀ վերադարձող անձանց և ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ինտեգրման առանցքային խնդիրները, և հրավիրեց որպես դիտորդ մասնակցելու նիստերի աշխատանքներին:
Մամուլի հաղորդագրություն