Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում ակտիվ գործընթացներ են սկսվել հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերի դեմ. «Հայոց աշխարհ»

Հունիս 27,2018 10:26

Սին են այն հույսերը, թե «թավշյա հեղափոխությունից» հետո արտաքին կապիտալը ողողելու է Հայաստանի տնտեսությունը։ Նման բան չկա եւ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ներդրողները լուրջ խնդիրների են բախվում մեր երկրում։ Այդ երեւույթը ակտիվացել է հատկապես վերջին շրջանում։

Ասենք, որ ներդրումները ժամանակ են պահանջում։ Ընդ որում՝ երբեմն երկար ժամանակ։ Սակայն նման ակնկալիք ունենալու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։ Մի բան, որ բնավ չի նկատվում կառավարության գործունեության անցած ժամանակահատվածում։

Վերջերս եղավ տեղեկատվություն, որ արտասահմանյան ներդրողները հրաժարվել կամ մի քանի տարով հետաձգել են իրենց մտադրությունները՝ Հայաստանի գյուղերից մեկում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու վերաբերյալ։ Ծրագրով նախատեսվում էր հյուրանոցների կառուցում եւ ճոպանուղու գործարկում։ Սակայն ներքին իրադարձություններից հետո ծրագրի հեղինակները որոշել են առայժմ առկախել ծրագիրը։ Ու դեռ անորոշ է՝ հետագայում կվերանայեն իրենց որոշումը, թե ոչ։

Որքան էլ տնտեսության զարգացումը մեծապես կախված է ներդրումներից, այնուհանդերձ կառավարությունը երբեմն ոչ միայն չի նպաստում, այլեւ իր քայլերով խոչընդոտում է ներդրողներին։ Նման վիճակի առջեւ է հայտնվել հանքարդյունաբերությունը, որը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է։ Սա այն սահմանափակ ոլորտներից է, որտեղ դեռեւս կան ներդրումային հետաքրքրություններ։ Սակայն այսպես շարունակվելու դեպքում, շուտով դա էլ չի լինելու։

Վերջին շրջանում ակտիվ գործընթացներ են սկսվել ոլորտի ներդրումային ծրագրերի դեմ։ Որ այստեղ կարող են լինել խնդիրներ, անկասկած է։ Բայց դա չի նշանակում, թե անձնական նկատառումներով, առանց լուրջ հիմքերի, պետք է վիժեցնել ծրագրերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ սոցիալական խնդիրների լուծման հարցում։

Բավական բարդ իրավիճակի առջեւ է հայտնվել Ամուլսարի ծրագիրը։ Իրականացվել են միլիոնավոր դոլարի ներդրումներ, սակայն նոր իրողությունների պայմաններում, երբ ճանապարհներ փակելը կամ հաստատություններ շրջափակելը դարձել է խնդիրների լուծման հիմնական միջոցը, հայտնվել են մի խումբ ակտիվիստներ կամ բնապահպաններ, ովքեր պարտք են համարում արգելափակել մի քանի հարյուր միլիոն դոլար արժողության ներդրումային ծրագիրը։

Նրանց կարծես քիչ է հետաքրքրում, թե դա ինչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի ներդրումային հեղինակության վրա։ Չհաշված, որ ներքին խնդիրների պատճառով ծրագիրը չեղարկելու հետեւանքով երկիրը պարտավոր է լինելու փոխհատուցել ներդրողի կրած վնասները։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, խոսքը ահռելի գումարների մասին է։ Նույնիսկ եթե հաշվի չառնենք այս գործոնը, միանշանակ է, որ գոյություն ունեցող խնդիրներն ու դժվարությունները, որոնց սկսել են բախվել ոլորտում գործող ընկերությունները, լիովին բավարար են ներդրողներին Հայաստանից վանելու համար։

Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930