Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձեւը: Վերջինս վերաբերում է ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
Հրատապ բանաձեւը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես եւս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:
Բանաձեւը կարեւորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն