Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչերի ժամանակն անցնում է

Հունիս 27,2018 10:06

Երբ քաղաքական գործիչները կամ պարզապես քաղաքացիները ընդդիմադիր հայացքներ ունեն, եւ մանավանդ՝ երբ նրանք ցանկանում են հեղափոխություն անել, ապա շատ բնական է, որ նրանց հիմնական գործը պետք է լինի պայքարը, այդ թվում՝ երեւելի եւ աներեւույթ թշնամիներին հայտնաբերելը, նրանց անարգանքի սյանը գամելը եւ այլն: Երբ քաղաքական գործիչները իշխանություն են, ապա նրանց եւ նրանց համակիր քաղաքացիների գործառույթները պետք է, իմ կարծիքով, փոքր-ինչ փոխվեն՝ պայքարն ինչ-որ մեկի դեմ այլեւս չի կարող առաջնահերթություն լինել: Պարզ է, որ եթե կան դավադրություններ, սաբոտաժ, առավել եւս՝ իշխանությանը անօրինական ճանապարհով դիմադրելու փորձեր, ապա այդ ամենով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Սակայն չեմ կարծում, որ ամբողջ իշխանական թիմը պետք է կենտրոնանա միայն այդ նպատակների վրա:

Մենք բոլորս ուրախանում ենք, երբ հայտնաբերվում են յուրացման, մսխման, կոռուպցիայի դեպքեր, եւ նախկինում դրանով զբաղվող քաղաքացիները կանչվում են պատասխանատվության: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը պետք է շարունակեն այդ գործը, քանի որ անհրաժեշտ է, ինչպես առաջին նախագահն էր ասում, մաքրել Ավգյան ախոռները: Բայց ժամանակն է, որ պետական գերատեսչություններն անցնեն «կառուցողական ռեժիմի», իրականացնեն այն բարեփոխումները, որոնց սպասում է հասարակությունը: Վստահ եմ, որ կրթության, մշակույթի, ընդերքօգտագործման եւ անգամ բանակի խնդիրները միայն կոռուպցիայի հետ կապված չեն՝ կոռուպցիան արմատախիլ անելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է զարգացման համար: Գուցե մեր առավել միամիտ քաղաքացիները համարում են, որ ապօրինի հարստացածների գողացած փողերը բյուջե մուտքագրելով հնարավոր է հաղթահարել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը, ապահովել ներդրումները, զարգացնել բիզնեսը եւ այլն, բայց դա այդպես չէ: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրավամբ զգուշացրել է նման պատրանքներից՝ արտաքին պարտքի մարման առումով, բայց դա վերաբերում է գործնականում բոլոր ոլորտներին:

Նախարարությունները պետք է զարգացման ծրագրեր մշակեն, որոնք արմատապես կփոխեն ներկայիս՝ կոռուպցիոն սխեմաների համար նախատեսված «դրվածքը»: Քարոզչությունն, իհարկե, կառավարության գործունեության կարեւոր մասն է, բայց ոչ ամենակարեւորը: Հայտարարությունների, կոչերի, «այլախոհության» դեմ ֆեյսբուքյան պայքարի ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունից ակնկալում ենք համակարգված եւ նպատակասլաց աշխատանք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Շատ ուսուցողական սկիզբ ունի հոդվածը: Կարճ հնչում է այսպես,՝ եթե մարդ ուզում է պայքարել, նրա հիմնական գործը պետք է լինի պայքարը: Հանճարեղ է ասված: Իսկ կառուցողական ռեժիմ, ասենք կրթության բնագավառում, դա ո՞րն է: Օրինակ, եթե ես իմանամ նախօրոք, որ ձեր թերթը հոդված է տպագրելու կրթական համակարգի որևէ կաշառակերի մասին և ժամ առաջ նրա հետ ինտերվյու մոգոնեմ՝ սա կառուցողական է՞: Չեղավ, հա՞: Լավ, կներեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930