Լրահոս
Օրվա լրահոսը

«Անասնաֆերմա»․ ապստամբություն՝ Գյումրիից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 27,2018 00:15

Գյումրու պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հունիսի 26-ին տեղի ունեցավ բրիտանացի հայտնի գրող, հրապարակախոս Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» քաղաքական սատիրայի առաջնախաղը։ Նշենք, որ այլաբանական վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1945 թվականին․ հերոսներն կենդանիներն են, որոնք պայքարում են իրենց տիրոջ՝ Ջոնզընի դեմ, ապստամբություն են անում՝ նրան դուրս շպրտելով ֆերմայից։

Մարդուն հայտարարելով թշնամի՝ անասունները ստեղծում են իրենց անկախ հանրապետությունը՝ «Անասունների հանրապետությունը», գրում պատվիրաններ, համաձայն որոնց՝ ով քայլում է երկու ոտքի վրա, թշնամի է, ով քայլում է չորս ոտքի վրա, բարեկամ է, կենդանին երբեք առևտուր չպիտի անի, կենդանին երբեք այլ կենդանու չպիտի սպանի, բոլոր կենդանիները հավասար են։ Սակայն կաճ ժամանակ անց սկսվում է նույն դժոխային կյանքը, քանի որ ապստամբությունն իրականացրած խոզերից մեկը՝ Նապոլեոնը, թելադրում է իր կամքը, ստրկացնում է մյուս կենդանիներին, սկսում է վայելքներ նրանց տքնաջան աշխատանքի հաշվին։ Ավելին, փոխելով պատվիրանները օգուտ իրեն ու խոզերի՝ մահապատժի է ենթարկում անհնազանդներին։ Ու այսպիսով Նապոլեոն խոզը ոչնչով այլևս չի տարբերվում թշնամի հայտարարված մարդուց։

Քաղաքական այս սատիրան արդիական է․ Հայաստանում ստեղծված իրավիճակին համահունչ։

Ներկայացման մեջ բացառապես ընդգրկված էին երիտասարդներ, մեծամասամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ։ Նրանք թատրոնի գխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ուսանողներն են։

Բեմադրությունը և նկարչական ձևավորումը՝ Արտուշ Միքայելյանին է, նա ևս ուսանող է։ Երիտասարդը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին է մտահղացել բեմադրել այս վիպակը։ Մեր զրուցակիցն ասում է, որ 16 դերակատարներից 11-ը իր կուրսեցիներն են։ Կան նաև 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներ։

«Ես ստիպված եմ եղել պիեսում շատ կրճատումներ անել։ Ի սկզբանե հրաժարվել եմ ագռավ Մովսեսի կերպարից, իհարկե, շատ դժվարությամբ հրաժարվեցի, բայց, քանի որ մեր կուրսը 11 մարդ է, ես պետք է պիեսը հենց 11 անձի համար դարձնեի կոպիտ ասած, դրա համար ինչ-որ կերպարներ կրճատեցի»։

Մեր հարցին՝ Հայաստանի քաղաքական գործիչները, եթե նայեն այս ներկայացումը, իրենք իրենց կգտնե՞ն այնտեղ, բեմադրիչն ասաց․«Միանշանակ, երբ մենք սկսեցինք բեմականացման աշխատանքները, երկրում ամեն ինչ հանգիստ էր ու ընդհանրապես պատկերացում չունեինք, որ մեր երկրում կարող է դրական փոփոխություն լինի։ Ու այս պիեսով մենք ուզում էինք ցույց տալ մեր երկրի գաղջ մթնոլորտը։ Մեր ներկայացման առաջնախաղը եղել է թատերական ինստիտուտում։ Մենք պլանավորել էինք, որ առաջնախաղը պետք է լինի մայիսի 10- 20 ընկած ժամանակահատվածում ու պատկերացրեք մեր երկրում տեղի է ունենում հեղափոխություն մայիսի 8-ին։ Ու այս ամենը մեզ ոգևորում է, որ մենք շատ ճիշտ ժամանակին, շատ ճիշտ տեղում ենք հայտնվում, մեր խոսքը ինչքան էլ որ արդի է, տասնապատկվում է արդիականությունը։ Ու հեղափոխությունից հետո մեր մոտ միտք առաջացավ ֆինալը փոխել, քանի որ հին ֆինալով ցույց էինք տալիս մեր երկրում ստեղծված անճար վիճակը, իսկ հիմա տեսնում ենք լույս, շղթաներից ազատում, տեսնում ենք ռեժիմի տապալում», ասում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ 81 տեղանոց դահլիճում նստելու տեղ չկար ու հետաքրքիրն այն էր , որ տոմս չճարած հանդիսատեսը դահլիճ մտնում էր իր աթոռով (Տես լուսանկարում)։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Էս խելօքները “Animal Farm”-ը «Անասնաֆերմա» ե՞ն թարգմանել: 🙂
    Եթէ ասում ենք ֆերմա, հասկանում ենք անասունների

  2. Նաիրա says:

    Ժամանակից հետ եք մնում, տրվում քաղքենիականությանը: Ձեր հայկական կյանքին անդրադարձեք: Ու հայկական կյանքը միայն պատերազմը չէ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930