Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի հարեւանը միշտ կարեւոր է»

Հունիս 27,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն

– Պարոն դեսպան, նախ՝ անդրադառնանք Ձեր գործունեությանը մեր երկրում: Գրեթե երկու տարի մեր երկրում Վրաստանի դեսպանն եք: Ի՞նչ հասցրեցիք այս ընթացքում պարզել Ձեզ համար: Հե՞շտ է աշխատել հարեւան երկրում: Ի՞նչ նմանություններ, ընդհանրություններ, տարբերություններ եք տեսնում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, հայ եւ վրացի հասարակությունների միջեւ:

– Վրացիները եւ հայերը լավ հարեւաններ եւ բարեկամներ են դեռեւս այն ժամանակներից, երբ հնարավոր է դարձել հաշվել մեր ժողովուրդների պատմությունը: Մենք շատ նման ենք միմյանց, պատմությունը մեզ ձեւավորել է որպես երկու տարբեր, բայց չափազանց մոտ ժողովուրդներ: Մեր ժողովուրդները նպատակաուղղված են, հավակնոտ, ուշադիր, հետաքրքրություն են արտահայտում ամեն նորության նկատմամբ եւ առանձնահատուկ ցնցումներով վերաբերվում ընտանիքին: Բացի դրանից, իմ կարծիքով, վրացիները ավելի էմոցիոնալ են:
Հարեւան երկրում աշխատելը պահանջում է հսկայական ջանքեր, երկկողմ դինամիկան այնքան բարձր է, որ թույլ չի տալիս թուլանալ, բայց իմանալով, որ իմ հայ գործընկերներն ու բարեկամները միշտ պատրաստ են աջակցելու, իմ սիրտը հանգիստ է:

– Դուք աշխատում եք Հայաստանի նոր իշխանության հետ, աշխատել եք նաեւ նախորդ իշխանության հետ: Նախ՝ Վրաստանի կառավարության համար հայաստանյան փոփոխություններն ինչպե՞ս ընդունվեցին, ի՞նչ նոր հնարավորություններ է տեսնում պաշտոնական Թբիլիսին Հայաստանի նոր իշխանությունների մոտ՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

– Վրաց հասարակությունը չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սույն տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Գործընթացը ընկալվեց որպես հայ ժողովրդի ձգտում` ամրապնդելու ժողովրդավարական արժեքները: Վրաց հասարակության հիացմունքն առաջացրեց ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը:
Վրաց հասարակությունը հուսով է, որ փորձի ինտենսիվ փոխանակությունը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները եւ առավել օգտագործել առեւտրատնտեսական կամ որեւէ այլ ներուժ:

– Մայիսի վերջին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցելեցին: Այն, ինչ հրապարակային ասվեց երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, բավական տպավորիչ էր, հուսադրող ու խոստումնալից: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Վրաստանի կառավարությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից, հայ-վրացական բանակցություններում քննարկվե՞լ են կոնկրետ լուծման սպասող հարցեր:

– Ողջունելի է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը Վրաստանում առաջին պաշտոնական այցի հետ կապված: Շատ կարեւոր եւ խորհրդանշական է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսիում Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակի տոնակատարության առթիվ:
Ուրախալի է, որ այցի շրջանակներում երկու կողմերը հաստատեցին փոխգործակցության խորացման պատրաստակամությունը, քննարկեցին հայ-վրացական հարաբերությունների գրեթե ողջ օրակարգը եւ դա արեցին բարեկամական եւ բաց մթնոլորտում: Նշվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, որոնց իրականացումը կլինի համագործակցության հաջորդ փուլը:

– Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնյաները մշտապես խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ նշում են, որ այդ հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն, եւ մշտապես հնչում է հետեւյալ նախադասությունը՝ «հայ-վրացական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ»: Դուք բավարարվա՞ծ եք հարաբերությունների եղած մակարդակով, ո՞ր ոլորտներում եք անելիքներ տեսնում:

– Բնական է, որ բարեկամները ըմբռնումով են մոտենում բարձրացված հարցերին: Հատկանշական է, որ միայն 2017 թվականին Վրաստանից Հայաստան իրականացվել են ութ բարձրագույն եւ բարձր մակարդակի այցելություններ: Մենք պետք է կենտրոնանանք համագործակցության ընդլայնման վրա եւ այս առումով պետք է փնտրենք չյուրացված հնարավորություններ առավելապես տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում:

– Տնտեսական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, կայունության հարցում Վրաստանի համար Հայաստանը որքանո՞վ է հետաքրքիր: Այս ոլորտներում ի՞նչ բացեր եք տեսնում:

– Բարի հարեւանը միշտ կարեւոր է: Մեր երկրների տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումը կնպաստի անվտանգության եւ կայունության խորացմանը, որը մեր հասարակությունների բարեկեցության անհրաժեշտ նախապայմանն է: Այս կարեւորագույն խնդիրը իրագործելու դեպքում հետաքրքրությունը կբարձրանա ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ մեր շրջապատի կողմից:
Վրաստանն ու Հայաստանը դարերի ընթացքում բնական գործընկերներ են: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրներում, վաղ թե ուշ արտացոլվում է միմյանց վրա: Հետեւաբար մենք նպատակասլաց պետք է զարգանանք, եւ հաջորդ սերունդները կմեծանան ավելի անվտանգ եւ բարեկեցիկ միջավայրում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 26.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930