Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այլընտրանքային կրթական հնարավորություններ երիտասարդության համար

Հունիս 27,2018 15:00

Ժամանակակից հայ երիտասարդությունն ապրում է սրընթաց փոփոխվող իրականության մեջ, մի իրավիճակում, երբ ակադեմիական կրթությունը չի հասցնում նոր միտումների հետեւից, եւ առաջին պլան է մղվում շարունակաբար կատարելագործվելու, ինքնակրթության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Բարեբախտաբար, լրացուցիչ գիտելիքներ ստանալու հնարավորությունները բազմաթիվ են, եւ դրանք չեն սահմանափակվում դպրոց-գրադարան-համալսարան ավանդական շղթայով։

Դպրոցը հետ է
ընկնում ժամանակակից աշխարհից

Այս տարվանից Հայաստանում գործում է 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության մասին օրենքը։ Եվ չնայած երեխաները դպրոցում ավելի շատ ժամանակ կանցկացնեն, միեւնուն է, նրանց համար պարտադիր են մնում ինքնուրույն պարապմունքները։ Խնդիրը հենց դպրոցն է։

«Դպրոցական ծրագիրը կանոնակարգված է, աշակերտներն ազատ ընտրության քիչ հնարավորություններ ունեն,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը,– այդ պատճառով էլ չեն զարգանում այնպիսի որակներ, ինչպիսիք են ինքնակազմակերպումը եւ ինքնուրույն կրթվելու սովորությունը։ Ավագ դպրոցում դա վերածվում է լուրջ խնդրի, քանի որ 12-ամյա համակարգի անցումից հետո վերջին երկու տարվա ուսումնառությունն ավանդական դպրոցում ուսանողների համար (նրանք արդեն 18-19 տարեկան են լինում) այդքան էլ հետաքրքիր չէ։ Այդ տարիքում նրանք ավելի շատ ազատություն են ուզում, ավելի շատ հնարավորություններ ինքնակրթության եւ գործնական պարապմունքների համար»։

Փորձագետը նշում է, որ մի շարք դպրոցներ արդեն սկսել են կիրառել նախագծային ուսուցման մեթոդները, երբ աշակերտները մշակում են նախագծի դիզայնը, այնուհետեւ ինքնուրույն հավաքում են տվյալներն ու աշխատում դրանց վրա։ Նման նախագծերի վրա աշխատանքի շրջանակներում աշակերտները կարող են այցելել Հայաստանի տարբեր անկյուններ, մի քանի օր ապրել գյուղերում։ Մասնավոր զրույցներում աշակերտները ցանկություն են հայտնում, որպեսզի դպրոցը մաթեմատիկայից-ֆիզիկայից-պատմությունից բացի՝ իրենց հնարավորություն ընձեռի ուսումնասիրելու բնապահպանական, քաղաքացիական խնդիրներ, արվեստի պատմություն։

«Առավել եւս, որ ժամանակակից աշակերտները բազմաթիվ հնարավորություններ ունեն դպրոցի սահմաններից դուրս գիտելիքներ ստանալու, եւ միշտ չէ, որ դպրոցը մրցակցելու հնարավորություն ունի,- շարունակում է Սերոբ Խաչատրյանը,- արդյունքում ոչ ֆորմալ ուսուցումը զարգանում է շատ արագ, իսկ ավանդական դպրոցը դոփում է նույն տեղում։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնցում գործում են խմբակներ՝ ընթերցանության, օտար լեզուների, քաղաքացիական կրթության։
Կա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի օրինակը, այնտեղ հազարավոր երեխաներ ուսումնասիրում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն։ Այս եւ նման կենտրոններն առայժմ որեւէ ձեւով կապված չեն դպրոցի հետ, սակայն փորձագետներն առաջարկներով են հանդես գալիս՝ կապելու դպրոցական ծրագիրը մասնավոր նախաձեռնությունների հետ։ Պատճառն այն է, որ երեխաներին առավել հետաքրքիր է կրթությանը ոչ ֆորմալ մոտեցումը. այն տալիս է նրանց ավելի շատ ազատություն, բացում է հնարավորություններ ստեղծարարության համար, զարգացնում է ինքնակարգապահությունը։ Բացի այդ, հաճելի է ավելի քիչ կախում ունենալ գնահատականներից։ Իրողությունն այնպիսին է, որ դպրոցական ծրագիրը երեխաները լրացուցիչ ուսումնասիրում են կրկնուսույցների հետ։ Եվ պատճառն այն չէ, որ երեխաներն ունակ չեն յուրացնելու նյութը դասերի ժամանակ, այլ այն, որ նրանց պետք է ուղեկցող հրահանգիչ, որը խիստ եւ կարգապահ կաշխատի նրանց հետ երկու-երեք տարի»։

Համացանցային դասընթացները հասանելի են
ցանկացած բնակարանից

Ցանկացած քաղաքային բնակարանում եւ բազմաթիվ գյուղերում կա ազատ ինտերնետի հասանելիություն։ Համաձայն SpeedTest միջազգային պորտալի կազմած վարկանիշային աղյուսակի՝ Հայաստանը ինտերնետ-միացման արագությամբ տարածաշրջանի առաջատարն է՝ առաջ անցնելով Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից գրեթե տասը կետով։

Տանից բացվում է ողջ աշխարհը, եւ լավագույն դասախոսների դասախոսությունները հասանելի են յուրաքանչյուրի համար։ Այստեղ միշտ ամենաարդիական գիտելիքներն են եւ նոր մեթոդները։ Պարզապես պետք է սկսել օգտվել դրանցից։

«21-րդ դարում, երբ գիտելիքների ստացման բազմաթիվ այլընտրանքային աղբյուրներն ու բազմաթիվ ռեսուրսները հասանելի են բոլորի համար, ով միացած է ինտերնետին, ավելի հասանելի է դարձել այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորությունը,- ասում է բարձրակարգ իրավաբան, գիտակ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի թիմի ավագ Հայկ Ղազազյանը,– եթե մարդն ունի բավականաչափ ցանկություն՝ բարձրացնելու իր կրթության մակարդակը, որակավորումը, պարզապես ուսումնասիրելու ոլորտներ, որոնք միշտ հետաքրքրություն են ներկայացրել, սակայն ակադեմիական կրթության շրջանակներում հասանելի չեն եղել, ապա այսօր հնարավոր է ամեն ինչ։ Ամենամեծ ձեռքբերումն այսօր այն է, որ կրթությունն այլեւս կցված չէ աշխարհագրական կոորդինատներին. դու կարող ես գտնվել մի երկրում, իսկ գիտելիքներ ստանալ աշխարհի ցանկացած անկյունից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ լրացուցիչ կրթություն ստանալու հարցը դյուրին է լուծվում»։

Ճանապարհորդությունը՝ որպես ինքնակրթության ձեւ

Ինթնակրթության եւս մեկ ձեւ է դարձել ճանապարհորդելը։ Նստում ես ինքնաթիռ կամ գնացք, եւ հաջորդ օրը քո առաջ բացվում է նոր աշխարհ, նոր տպավորություններ։ Օրերս կրթական ուղեւորությունից վերադարձել են հայկական հեռուստատեսությամբ տարիներ շարունակ հեռարձակվող «Ամենախելացին» խաղի հաղթողները։ Նախաձեռնությունը «Ռոսատոմ» ընկերությանն էր պատկանում: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հայկազ Մելքումյանին եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Հովհաննես Սիսոյանին հնարավորություն էր ընձեռվել լինել Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում՝ Մոսկվայում եւ Պետերբուրգում։ Իհարկե, նրանք այցելեցին մշակութային կոթողներ, սեփական աչքերով տեսան մոսկովյան Կրեմլի հինավուրց տաճարներն ու Պետերգոֆի ճարտարապետական գեղեցկությունը, սակայն առաջին տեղում, այնուամենայնիվ, ճանապարհորդության կրթական մասն էր: Հովհաննեսն ու Հայկազը տեխնիկական մտածողություն ունեցող երիտասարդներ են, նրանց հետաքրքրում են մաթեմատիկան եւ ֆիզիկան։ Երիտասարդների համար հատկապես արժեքավոր էր իմանալը, թե ինչպես են ստացված գիտելիքները կիրառվում գործնականում։ Էքսկուրսիայի ընթացքում նրանք այցելեցին ՏՎԷԼ ընկերության միջուկային վառելիք արտադրող գործարան, ինչպես նաեւ «Ուժային մեքենաներ» ընկերության գործարան, որի արտադրամասերում պատրաստվում են սարքավորումների որոշ տեսակներ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար։

«Դա իմ առաջին այցն էր ինչպես Մոսկվա եւ Պետերբուրգ, այնպես էլ Ռուսաստան ընդհանրապես։ Այն, ինչ ես տեսա, տեսնում էի առաջին անգամ։ Տպավորություններս աննկարագրելի են,- ուղեւորությունից հետո պատմում է Հովհաննեսը,- մենք հնարավորություն ստացանք այցելելու բացառիկ գործարաններ։ Այսպիսի հնարավորություն գուցե այլեւս երբեք չունենանք։ Ես շատ նոր գիտելիքներ ստացա ատոմային էներգետիկայի մասին։ Հետաքրքրական էին ծանոթությունները «Ռոսատոմ» ընկերության աշխատակիցների հետ, ինչպես նաեւ ուսանողների, որոնք սովորում են ՌԴ ՄԻՖԻ ազգային հետազոտական միջուկային համալսարանում` «Ռոսատոմ» ընկերության քվոտայով։ Ես անպայման դեռ կայցելեմ Ռուսաստան, քանի որ շատ բան մնաց, որ չհասցրեցի տեսնել»։

Մեդիա նախագծերը՝ կատարելագործվելու խթան

Գիտելիքների պաշարը հարստացնելու եւ դպրոցական կրթությունը լրացնելու եւս մեկ հնարավորություն է մասնակցությունը հեռուստատեսային ինտելեկտուալ ծրագրերին։ Նման հեռուստաշոուները մեծ ժողովրդականություն են վայելում ողջ աշխարհում։

«Դա հիանալի հոբբի է, որը հաճույք եւ օգուտ է բերում,- ասում է Հայկ Ղազազյանը (նա, ի դեպ, ճանաչվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գարնանային եթերաշրջանի լավագույն խաղացող եւ ստացել «Ռոսատոմ» ընկերության մրցանակ),- բացի շարունակ կատարելագործվելու անհրաժեշտությունից, որպեսզի կարողանաս մասնակցել բարձր մակարդակի մրցաշարերի, դա շատ արժեքավոր փորձ է թիմային որոշումներ կատարելու տեսանկյունից։ Բարդ որոշումները քննարկվում են սեղմ ժամկետների պայմաններում, իսկ թիմում հավաքված են տարբեր անձինք, եւ պետք է կարողանալ գտնել խնդրի լուծման բանալին՝ հաշվի առնելով անձի բոլոր առանձնահատկությունները եւ կարճ ժամկետներում։ Այդպիսի խաղերը ստիպում են քեզ անընդհատ աշխատել քեզ վրա, բարձրացնել որակավորումդ»։

Խորհուրդներ երիտասարդությանը՝ «գիտակից»

Այսպիսով, ցանկության դեպքում յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել գիտելիքների այնպիսի մակարդակ, որպեսզի դառնա բարձր որակավորմամբ մասնագետ։ Սակայն երբեք չի կարելի կանգ առնել. անհրաժեշտ է զարգացնել քո, երեխաների մեջ սերը դեպի գիտելիքը եւ անընդհատ ինքնակրթությամբ զբաղվելու սովորությունը։ Կրթության նկատմամբ մոտեցումը ձեւափոխվում է եւ վերածվում Long Life Learning (ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում) ձեւաչափի։

Մեր խնդրանքով Հայկ Ղազազյանը երիտասարդությանը մի քանի արժեքավոր խորհուրդ տվեց.
«Ճանապարհի սկզբում արժե կողմնորոշվել սեփական նախասիրությունների հարցում։ Անշուշտ, ուսանողական տարիքում ամեն ինչ բազմիցս կարող է փոխվել, եւ կարելի է սկսել մի բան ուսումնասիրել, այնուհետեւ բոլորովին այլ ուղղություն ընտրել։ Դա նորմալ է։ Անգամ մասնագիտության ընտրության հարցում. ժամանակակից աշխարհում պարտադիր չէ ամբողջ կյանքում աշխատել նույն բնագավառում, միշտ կարելի է փոխել մասնագիտությունը՝ կրթության մակարդակը, շարժունակությունը միշտ թույլ է տալիս ընթացիկ փոփոխություններ կատարել։ Կարեւոր է հասկանալ, թե որ բնագավառներն են հետաքրքրություն ներկայացնում եւ պարբերաբար համեմատել հետաքրքրությունների շրջանակն այն գործի հետ, որով դու իրականում զբաղվում ես։ Եթե քեզ արդեն հետաքրքիր չէ, պարտադիր չէ, որ ստիպես ինքդ քեզ սովորել եւ աշխատել։ Կարեւորը գիտելիք ստանալու ցանկությունն է, իսկ միջոցների ընտրությունը գիտելիք ստանալու ճանապարհին շատ լայն է»:

ԱՆԱՍՏԱՍԻԱ ՌՅԱԲՈԿՈՆ

«Առավոտ»

26.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930