Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխատավայրում խեղվածի կենսաթոշակը չեն վճարում, պատճառաբանելով՝ տնօրեն է փոխվել

Հունիս 27,2018 14:30

ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի համաձայն, ՀՀ -ում գործունեություն իրականացնող գործատուի մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած եւ սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, առողջարանային բուժման, թիկնասայլակներով, տեխնիկական միջոցներով ապահովելու ծախսերի հատուցումը կատարվում է գործատուի հաշվին՝ կառավարության կողմից սահմանված կարգով: Մասնագիտությամբ խառատ Արշալույս Մովսեսյանը քաղաքացիական հայց ունի «Կաշի» ԲԲ ընկերության դեմ: Եվ դատական գործընթացի հիմքում դրել է հենց այս օրենքն իր գործատուի առաջ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցի ժամանակ է ասում, նա աշխատել է ընկերությունում 1971 թվականի ապրիլից: 1994 թվականի հունիսի 1-ից ազատվել է իր դիմումի համաձայն:

Ազատման պատճառը աշխատանքի ընթացքում ձեռք բերված խեղումն էր: Կտրել է աջ ձեռքի մատը: Նախկին գործարանի, այսօր ընկերության ղեկավարության կողմից նրան նշանակվել է կենսաթոշակ, որը յուրաքանչյուր ամիս վճարվել է մինչեւ 2014 թիվը:

Դատարան ներկայացրած ապացույցների համաձայն, նա 2014 թվականի համար պետք է ստանար 131 000 դրամ, 2015-ին՝ 144 000, 2016-ին՝ 151 000, 2017-ին՝ 202 400: Ընդհանուր՝ 630 000 դրամ գումար:
«Բազմիցս դիմել եմ գործարանի տնօրինությանը, խնդրել եմ պարզաբանել, թե ինչ հիմքով չի վճարվում կենսաթոշակս, սակայն որեւէ հիմնավոր պատասխան չեմ սռացել, միայն աշխատակազմից պատասխանել են, որ տնօրենը փոխվել է եւ իրենք մանրամասներին չեն տիրապետում, թե ինչ պատճառներով չի կատարվում վճարումները»,- ասում է Ա. Մովսեսյանը:
Ի դեպ, ներկայիս տնօրենը Աշոտ Գոմցյանն է, ում գրավոր դիմել էր Արշալույս Մովսեսյանը, առաջարկելով հիմնավոր պատասխան, իրեն կենսաթոշակից, ասել է թե՝ ապրելու հնարավորությունից զրկելու համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ գործատուի նյութական պատասխանատվություն կարող է ծագել, եթե աշխատավայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդությունների չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է:

«Առավոտի» տեղեկություններով, «Կաշի» ԲԲ ընկերությունում աշխատավայրում խեղված աշխատողներ էլի կան, ովքեր վիճարկում են իրենց կենսաթոշակի հետ կապված հարցերը դատական կարգով, եւ Արշալույսը միակը չէ: Արշալույսի դեպքում, նա չորս տարի է, չի ստացել իրեն հասանելիք գումարը:

Նշենք, որ քաղօրենսգրքով էլ վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաեւ տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը կամ եկամուտը:
Ա. Մովսեսյանը խնդրել է դատարանից, որպեսզի պարտավորեցնի գործատուին, վճարել իր կենսաթոշակը, բռնագանձել նշյալ գումարը որպես չվճարված փոխհատուցման գումար:
Գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Գրիգորի Վարդանյանի վարույթ է ընդունվել անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին, մեկ նախնական նիստ է տեղի ունեցել, իսկ հաջորդ նախնական նիստը չի կայացել՝ դատավորի մեկ այլ նստավայր տեղափոխվելու պատճառով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930