Հաղորդում հանցագործության մասին
Հաղորդում եմ տալիս, որ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննիչ Թորգոմ Մաթեւոսյանն իմ 18.05.2018թ. հաղորդման հիման վրա 26.05.2018թ. թիվ 31/8-324 Ն նյութերում կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Այսպես՝ դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող էլեկտրամոնտյոր Արմեն Գյուրջյանից վերցրել է կեղծված, իրականությանը չհամապատասխանող բացատրություն, ստեղծել արհեստական ապացույց, դրանում ներկայացրել է իրար հակասող ապացույցներ եւ գիտական-տեխնիկական հիմքից զուրկ, մասնավոր եւ «լղոզված» կարծիքի հիման վրա իրականացրել է նյութերի «սվաղում», որով նպատակ է ունեցել թաքցնելու կատարված խուլիգանության փաստը:
Հետաքննիչ Թորգոմ Մաթեւոսյանը, անցնելով պաշտոնական լիազորությունները, 23.05.2018թ. բացատրություններ վերցնելու պատրվակով, ժամը 22.30-ից հետո այցելել է իմ տուն եւ մինչեւ 24.30-ը իմ քրոջից եւ մորաքրոջ աղջկանից բացատրություններ վերցնելու ընթացքում սկսել է սադրել, միտումնավոր շեղել քննությունը՝ իբրեւ հոսանքի անջատիչը իջեցրել է ոմն Վահագն Միքայելյանը, դրանով փորձել է միտումնավոր շեղել քննությունը, շահավետ հիմքեր ստեղծել նյութերը մերժելու համար: Նշված պայմանում ես հետաքննիչ Թ. Մաթեւոսյանին խնդրեցի հեռանալ իմ տանից, սակայն նա ժամը 24-ի սահմաններում սկսեց սպառնալ, ապա ահաբեկել՝ «որ տնից ասում ես գնա, ուրեմն ես քեզ բերման կենթարկեմ հենց հիմա ոստիկանության բաժին», դա վկայելով իր հեռախոսի շարժումներով: Կեղծվել է նաեւ հարազատներիցս վերցված բացատրությունների ժամերը՝ 22.30-ից մինչեւ 24.30-ի փոխարեն դրվել են այլ ժամեր: Խախտվել են իմ եւ ընտանիքիս սահմանադրական իրավունքները, քրեադատավարական նորմերը, իսկ վերը նշված նյութը նախապատրաստվել է կեղծիքներով՝ էլեկտրամոնտյորի հնարովի կարծիքի վրա: Պահանջում եմ հարուցել քրեական գործ հետաքննիչ Թ. Մաթեւոսյանի պաշտոնական լիազորությունների անցման եւ կեղծիքով նախապատրաստված նյութերի փաստով ու լուծելու ընթացքը:
Արտաշես Արտավազդի Ալեքսանյան ոստիկանության վետերան
Հ.Գ. Սպիտակի երկրաշարժին 16 երեխա փրկելու համար ստացել եմ ՀՀ կառավարության շնորհակալագիր եւ «Գթասրտություն-բարեգործություն» մեդալ, Արցախյան ազատամարտի վիրավոր եմ, պարգեւատրվել եմ «Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Զինված ուժեր-20» եւ ԵԿՄ մեդալներով:
«Առավոտ»
26.06.2018