Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնում օրերս նշվեց Սարգիս Արզումանյանի ռեժիսուրայով Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացման մեկ տարին: Նշենք, որ այս ընթացքում ներկայացումը խաղացվել է ամիսը մեկ անգամ՝ լեփ-լեցուն դահլիճում: Իսկ թե ինչն է ձգում հանդիսատեսին, «Առավոտի» հետ զրուցած մասնագետներն ու հոբելյանական ներկայացմանը ներկա թատրոնի մարդիկ առաջին հերթին նշեցին ռեժիսորի ու նրա գործընկերների իրականացրած բարձրարվեստ ներկայացումը, շեշտելով բեմանկարիչ եւ զգեստների դիզայներ Գարիկ Մանուկյանի, երգերի հեղինակներ Արթուր Մանուկյանի, Սերգո Սարգսյանի, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանի, դերակատարների, հատկապես առանձնացրին Զռանի կերպարը մարմնավորող Էդգար Անդրեասյանի անունները: Նշվեց նաեւ անգլերենից Արտաշես Էմինի բնագրին հարազատ ու դիպուկ թարգմանության մասին:
Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմայով» այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչվեց «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում, թեեւ մասնագետները գտնում են, որ աշխատանքը մրցունակ էր լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվելու համար:
Մեզ հետ զրույցում ռեժիսորը հայտնեց՝ իր բեմադրած «Անասնաֆերմա» ներկայացումը ցանկություն ունի «փակելու» մինչեւ տարվա վերջ: Իր քայլն էլ այսպես մեկնաբանեց. «Թեեւ Օրուելն այս գործը գրել է ստալինյան ժամանակների համար, բայց այն արտացոլում է բոլոր ժամանակների հասարակական կեցության մեջ եղած հարաբերություններն ու դրանց խեղումները, որոնք ներկայացնում է այլաբանորեն՝ ֆերմայում կենդանիների հարաբերությունների «ձեւաչափով», ցույց տալիս որոշների արտոնյալ վիճակները, ամբոխավարության ձեւավորումը, լիդերի առանձնացումը եւ այլն, ինչը բերում է թվացյալ ազատության, ամենավերջում հասնելով «բեսպրեդելի»… Իսկ թե ինչու եմ ուզում փակել ներկայացումը, որովհետեւ վստահ եմ՝ մեր թավշյա հեղափոխությունից հետո հայերիս շրջանում այն այլեւս արդիական չէ»:
Մեր զրուցակցին հիշեցրինք՝ Մազմանյանի արվեստանոցում ուսումն ավարտելուց հետո, երբ արդեն պաշտոնապես ասիստենտ էր, ուսանողների մասնակցությամբ բեմադրեց «Կոմիտասն այդ օրը» ներկայացումը՝ ըստ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի: Քանի որ առիթի դեպքում հիացմունքով է խոսվում այդ ներկայացման մասին, հետաքրքրվեցինք՝ գուցե այն վերաբեմադրի՞ «Գոյ»-ում: Ի պատասխան՝ ռեժիսորն ասաց. «Այդ ներկայացման մեջ օգտագործել էինք Կոմիտասի ձայնից մինչեւ վավերագրական կադրեր, ուսանող դերասանները խաղին զուգահեռ ներկայացնում էին կոմիտասյան երգեր… Ամեն ինչ շատ տպավորիչ էր…Սակայն, եթե ես մի բան անում եմ, որոշ ժամանակ անց գտնում եմ, որ այն այլեւս պետք է փակել, այնպես, ինչպես, օրինակ, «Անասնաֆերման»:
Դիտարկմանը՝ դուք ձեր համախոհներով շուրջ 5 տարի առաջ փորձեր եք արել մեզ մոտ էլ առաջին անգամ հիմնել Իրական հոգեբանական թատրոն, Սարգիս Արզումանյանն ընդամենը պատասխանեց. «Ինչ-ինչ պատճառներով սառեցրել ենք այն, հիմնական պատճառն, իհարկե, տարածքն էր, բայց մինչ օրս չենք հրաժարվել այդ մտքից ու հաստատ կարող եմ վստահեցնել, որ մի օր մեր երկրում էլ նման թատրոնն իրականություն կդառնա»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
26.06.2018