2016թ. ապրիլյան քառօրյային Թալիշում էի եւ որպես «ռազմավար» հետս Երեւան բերեցի դպրոցականների կողմից մեր զինվորներին հասցեագրված ծանրոցներում հայտնաբերված թվով 37 նամակներ եւ լուսանկարներ:
2017թ. ապրիլի 4-ին, քառօրյայի մեկ ամյակի առթիվ «Առավոտ» թերթի 61/5001/ համարում «Ապրիլյան քառօրյայի դասերը» վերնագրով հոդված գրեցի, քանզի քառօրյայի մեծագույն ձեռքբերումը համարում էի եւ այսօր էլ համարում եմ մեր դպրոցականների մասնակցությունը այդ պատերազմին, ու ներկայացրի այդ նամակներից եւ լուսանկարներից մի շարք:
Այսօր՝ քառօրյայից ավելի քան երկու տարի անց, նորից Ձեզ եմ ներկայացնում այդ լուսանկարներից մեկը: Լուսանկարից մեզ նայող N189 ավագ դպրոցի 11ա դասարանի աշակերտները վաղը համալրելու են մեր ազգային բանակի շարքերը… Լուսանկարի դարձերեսին նրանք թողել են հետեւյալ հետգրությունը՝ «Զինվորից բացի ուրիշ բացող-ուտողը մտքներինս ա (մտքներիս էլ շատ վատ բան ա!!!)»:
Անկեղծ ասած՝ ես այսօր էլ չգիտեմ՝ երեխաները կանխազգո՞ւմ էին, թե՞ զգուշացնում…
Աստված իմ, ինչպե՞ս ենք մենք նայելու նրանց աչքերին…
ՎԱՉԱԳԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
«Առավոտ»
26.06.2018