Պետական գերատեսչությունների որոշ պաշտոնյաններ այս տարիներին պետական գնումների համակարգում արել են ամեն ինչ, որպեսզի «տանիք» չունեցող ընկերությունները մրցույթներից ամենաչնչին խնդրի պատճառով դուրս մնան:
Aravot.am-ի հետ զրույցում «Հանրային քաղաքականության» հ/կ նախագահ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն այս օրերին նշված համակարգում բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, որոնց լուծման ուղղությամբ կառավարությանը նաեւ առաջարկություններ է ներկայացնելու:
Մանուկյանը «Հանրային քաղաքականության» հ/կ-ով մոնիտորինգ է կատարել պետական գնումների մրցույթների ոլորտում: Խնդիրներից մեկը, որը նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պետական որոշ գերատեսչությունների՝ տնտեսավորողներին սառնասրտորեն շուկայից դուրս մղելու գործելաոճն է:
Մանուկյանն ասաց, որ մոնիտորինգի ընթացքում՝ շատ հաճախ ընկերությունը հաղթող է ճանաչվում, եւ երբ պետք է արդեն պայմանագիր կնքի, ու հարկայինից փաստաթուղթ է ներկայացրել, որ պետության նկատմամբ ֆինանսական պարտավորություն չունի , մեկ էլ պարզվում է, որ հարկայինի ինչ-որ վերահաշվարկի արդյունքում պարտավորություն է առաջացել .«Այսինքն՝ գործարարը ՊԵԿ-ից փաստաթուղթ է ստանում, որ իքս օրվա դրությամբ պարտք չունի: Ֆիննախը հարցում է կատարում ՊԵԿ-ին, որն էլ վերահաշվարկ է անում, ու ֆիննախին տեղեկացնում, ասենք՝ 50 կամ 100 հազար դրամի պարտավորություն ունի այդ ընկերությունը: Ապա` սկսվում է մի գործընթաց ու տվյալ տնտեսվարողին սեւ ցուցակ են գցում: Սա նշանակում է՝ տնտեսվարողը 2 տարի իրավունք չունի մասնակցել պետական գնումներին»:
Մանուկյանը վստահեցրեց՝ մոնիտորինգի տվյալներով՝ 2017-18 թվականին տնտեսվարողների այդ խնդրի վերաբերյալ բողոքները հիմնականում պաշտպանության նախարարության դեմ են եղել: Aravot.am-ի հարցին՝ արդյոք դա դիտավորյալ է արվել, որպեսզի պետական գերատեսչությանը ցանկալի տնտեսվարողը մասնակցի այդ մրցույթներին, Արտակ Մանուկյանը պատասխանեց. «Տեսականորեն կարելի է այդպես համարել»:
Մանուկյանն ասաց, որ այս խնդրի լուծման համար արդեն առաջարկ ունեն եւ այն քննարկվում է. «Առաջարկում ենք որոշակի ժամանակ տրվի տնտեսվարողին, երբ նման դեպքերում հարկային պարտավորություն է ծնվում, օրինակ 4 օրյա ժամկետում հնարավորություն ստեղծվի, որպեսզի գործարարը պետության հանդեպ ֆինանսական պարտավորությունը մարի ու շուկայից դուրս չմղվի: Հնարավորություն տանք ինքնամաքրվի: Հակառակ դեպքում մրցունակ գին առաջարկողը, անգամ եթե մրցույթները էլեկտրոնային լինեն, էլի շուկայից դուրս կմղվի»:
Մանուկյանը, որպես ՀՀ վարչապետի խորհրդական նաեւ բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, ավելի կոնկրետ՝ բողոքներ ստացել շինարարության ոլորտի մասին: Խնդիրները մեկը, որը նշեց Մանուկյանը, նախահաշվարկային գործընթացում է:
«Հանդիպել եմ նախագծողների հետ, որոնք դժգոհում էին, որ նախագծահաշվային փաստաթղթերը, որոնք պետք է հետագայում ներկայացվեին մրցույթներին, հիմնականում լինում էին տեղեկատվության փոխանակման բնույթի: Օրինակ՝ իքս նախարարությունը կամ մարմինը գիտի, որ այսինչ նախագիծն է իրեն հարկավոր, եւ իր ծանոթ ընկերությանը ասում է նախագծի վերաբերյալ տվյալները: Հետո շատ սեղմ ժամկետում մրցույթ են հայտարարում, որեւէ այլ նորմալ ու պարկեշտ նախագծող չի կարողանում մասնակցել մրցույթին, որովհետեւ ժամանակը բավարար չէ, որպեսզի խորապես ծանոթանա ու վերլուծի: Այսինքն՝ սիրուն փաստաթղթերով նախապես պայմանավորված ընկերություններն են հաղթել»:
Մանուկյանը վստահեցրեց՝ պետք է այդ բոլոր խնդիրները հավաքագրեն, ու այնպիսի լուծում գտնեն, որպեսզի էլեկտրոնային համակարգը զերծ մնա այդպիսի կոռուպցիոն ռիսկերից. «Պետք է նմանատիպ բոլոր խնդիրները լուծենք, հետո անցնենք ամբողջովին էլեկտրոնային համակարգին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ