Երևանի քաղաքապետարանի և Տարոն Մարգարյանի շուրջ օրերս զարգացող իրադարձությունների ֆոնին կցանկանայինք հիշեցնել, որ դեռևս 2013թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հիմք ընդունելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումները, դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում առկա տեղեկությունների իսկությունը, համադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալները շրջանառվող տեղեկություններին, ինչպես նաև պարզել Տարոն Մարգարյանի առնչությունը մի շարք առևտրային ընկերություններին, այդ թվում`«Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ին և վերջիններիս գործունեության հետ կապված շահերի բախման իրավիճակի առկայությունը:
ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել էր վարույթ, սակայն քննության արդյունքում շահերի բախման իրավիճակ, ինչպես նաև հայտարարագրի և իրական գույքի/եկամուտների միջև անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն