«Սաղն էլ մեղավոր են, ես պարզ ասում եմ, ես էն մարդն եմ, որ հայրենիքը այս օրին գցելու համար իշխանավորների 90 տոկոսին մեղավոր եմ ճանաչում, բոլորի՛ն, ովքեր թալանել են էս երկիրը, օրենքը խախտել են: Դուք չկարծեք ես մեկին պաշտպանում եմ, ես ոչ մեկին չեմ պաշտպանում: Ես պաշտպանում եմ իմ հայրենիքը: Չորս կողմը հակառակորդը լցվել է, վաղը կգան, կսկսեն մեզ ոտատակ տալը, էն ժամանակ մեղավո՞ր եք ման գալու, չե՞ք ասելու՝ ջհանդամ թե էս մի ազատամարտիկն էլ մի 100 հազար դրամ փախցրել էր, ինչի՞ տղային թեւաթափ արեցիք, թող գնար մեռներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը:
Ըստ նրա, թալանչիներին պետք է բռնել, բայց՝ շատ զգույշ. «Բա մի՞թե կարելի է այդպես: Այդպես չի՛ կարելի, պետք է զգույշ լինել: Ես չեմ ասում ինչի են անում, լա՛վ են անում, ճի՛շտ են անում, բայց զգո՛ւյշ, սա մեր բանակն է, սա մեր ազատամարտն է»:
Հարցին՝ բանակի պատիվը, հեղինակությունը դրանով ավելի չի՞ բարձրանում, երբ որ կոռուպցիան արմատախիլ է արվում բանակից՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Եթե բանակը կարգի ես բերում, հեղինակությունը բարձրանում է, այո՛, բայց երբ որ դու 500 հազար գողացողին մի այնպիսի աղմուկ ես սարքում, իսկ 500 մլն դոլար գողացողին, հանքեր գողացողի մասին չես խոսում, չես բռնում, մարդիկ թեւաթափ են լինում, ասում են՝ սա՞ է ձեր ազնվությունը, սա՞ է ճշմարտությունը: Նա մեղավոր է, նրան կարելի է սուսուփուս տանել փակել, պետք է գնդակահարել, խնդիր չեմ տեսնում ես, բայց այդպիսի աղմուկ մի՛ արեք»:
Մեր դիտարկմանը, որ եթե դա հրապարակային չանեն, «սուսուփուս» անեն, մյուսները ո՞նց կզգոնանան, պետք է չէ՞ հրապարակի վրա մի օրինակ, որ մյուսները նայեն, ասեն՝ իմ ճակատագիրն էլ է սա լինելու՝ Մանվել Եղիազարյանն արձագանքեց. «Բռնի օլիգարխին, որը 1 մլրդ դոլար է տարել, նրա՛ն մատնացույց արա, նրա շուրջ աղմուկ բարձրացրու»:
Այն, որ օլիգարխի թալանածը բռնեն՝ բանակի թալանողը չի զգոնանա՝ Մանվել Եղիազարյանը չհամաձայնեց. «Ժողովուրդն է ծնում բանակը: Ինչքանո՞վ է ճիշտ, որ ձեր եղունգը ջարդվի՝ սկսեն ձեզ վարկաբեկել, բայց մարդ կա՝ գլուխը պոկել են, ծուռ գլխով է, դրա մասին ոչ մի բան չասեն»:
Վարկաբեկված ԵԿՄ-ականներին այլեւս երկրապահի կառույցի մեջ չթողնելու, թալանչիների եւ Սեյրան Օհանյանի մեղքի մասին Արաբոյի Մանվելի հարցազրույցն ամբողջական կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ