Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ընթացող՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հարցուպատասխանը խորհրդարանականների հետ:
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության անդամ Գեորգի Կանդելակին, շարունակելով երեկ ԵԽԽՎ-ում ասուլիսի ընթացքում 2006-2012թթ. Եվրախորհրդում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամադովի՝ ԵԽ և Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչեցված մեղադրանքները, այսօր հարց հղեց պարոն Յագլանդին՝ ինչո՞ւ կոռուպցիոն սկանդալների հետ կապված ժամանակին ընթացք չի տվել, պարոն Յագլանդն ընդունեց, որ մեղադրանքներն ինչ-որ առումով արդարացված են: Այնուհետև ինքն էլ հայտնեց, որ նախարարների կոմիտեում բազմիցս բարձրացրել է այդ հարցերը:
Ուկրաինացի պատվիրակ Վլադիմիր Արիևն էլ հարց բարձրացրեց՝ արդյոք ձայնագրություններ չկա՞ն, որոնք կարող են օգնել գործի քննությանը, պարոն Յագլանդը վրդովվեց. «Ոչ մեկ քարտուղարությունում կոնկրետ երկրի համար չի աշխատում: Ունենք տարբեր երկրների ներկայացուցիչներ, բայց նրանք բոլորն էլ աշխատում են ԵԽ-ի համար: Խնդրում եմ մի փորձեք բաժանել քարտուղարությանը, նրանք պաշտպանված են կանոնադրությամբ»:
Դառնալով ձայնագրություններ հրապարակելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Կա անկախ հետաքննող մարմին, որը դուք եք ստեղծել, այն զեկույց է հրապարակել, ուրեմն բարի եղեք վստահեք այդ մարմնին, ոչ թե քաղաքական թատրոն սարքեք: Եթե նման բան չկա զեկույցում, ուրեմն դա պետք չի եղել: Հարգեք անկախ հետաքննական մարմնի պատրաստած զեկույցը»:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, փաստելով, որ հարցն արդեն բարձրացվում է ոչ թե ասուլիսում, այլ լիագումար նիստի ընթացքում, նշեց, որ իրավիճակն ավելի է թեժանում և բուռն ընթացք ստանում, հետևաբար նոր զարգացումներ կլինեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ