Շիրակի մարզպետարանի կողմից «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքները Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Այս մասին տեղեկացանք դատախազից։
«Ստացել ենք Շիրակի մարզպետարանի կողմից «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրած ստուգումների արդյունքները, որի ուսումնասիրությամբ դարձյալ փաստվում են որոշակի ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ։ Նշվածը իմ կողմից ուղարկվել է ոստիկանության Անիի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու և տվյալ օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու հանձնարարությամբ»,- ասաց դատախազը։
Դատախազը մեկ անգամ ևս նշեց, որ իր կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը լինելու է անզիջում։
«Գիշեր ու զօր աշխատանք ենք տանելու նմանատիպ բոլոր հանցագործությունները հայտնաբերելու, ենթադրյալ հանցանք կատարած անձանց պատժելու և քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։
Նմանաբնույթ հանցագործությունները բացահայտելու և այդ համատեքստում մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ իմ կողմից հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմիններին։ Կոչ եմ անում հանրությանը աջակցել իրավապահ մարմիններին մտահոգության տեղիք տվող հանցագործություններն արագ բացահայտելու, դրանցում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար »,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էլի նույն կերած-խմած դեմքերն են:
Դատախազը ու պայքար? քթի տակ եղած քրեական գործը չի կարող բացել, հանցագործին գտնել, հեքիաթները թող իրենց տանը պատմի