Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությունից հետո, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի նորանշանակ փոխմարզպետների հետ, պատասխանեց. «Մենք մի ամիս առաջ իրար թեւ ընկած պայքարում էինք անարդարության դեմ: Հիմա ինչի՞ պետք է լարվենք, ես լարվելու ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Մարզպետին, սակայն անհասկանալի է թվում այն, թե ինչու իր ներկայացրած անկուսակցական թեկնածուն փոխմարզպետ չնշանակվեց. «Մենք սկզբից 2 թեկնածու էինք ներկայացրել՝ մեկը «Բարգավաճ Հայաստան», մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից: Այնուհետեւ, դիմեցին, որ երրորդ թեկնածուի անունն էլ ուղարկենք, քանի որ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից կար գործող մարզպետի տեղակալ: Մենք ուղարկեցինք երրորդ թեկնածուի անունն էլ, բայց նախնական երկուսն էր: Չգիտեմ ինչի, մեր ներկայացրած անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը ցուցակից դուրս մնաց: Բայց ընթացքի մեջ է , ես երեկ ճշտել եմ, եւ մոտակա օրերս այդ հարցը կլուծվի: Ուղղակի ես չհասկացա, ինչը փոխվեց, որ նախապես ներկայացրած երկու թեկնածուներից անկուսակցականը դուրս եկավ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից երկու թեկնածու նշանակվեցին»:
Այն հարցին, թե մտահոգում է արդյոք, որ երկու փոխմարզպետերն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, մարզպետը պատասխանեց. «Ինձ մտահոգում է միայն մի բան, մեր մարզի իրավիճակը: Եվ մտահոգված եմ, որ մեր մարզի բնակչությունը եւ բոլոր ծառայությունները վստահ լինեն, որ ես ծառայելու եմ իմ ժողովրդին, այլ ոչ իշխելու: Ես բոլորիդ օգնության կարիքն ունեմ, որպեսզի կարողանամ իրականացնեմ, իսկ եթե խանգարողներ պետք է լինեն, չի ստացվի, որովհետեւ իմ նպատակները բարի են»:
Հրանտ Մարգարյանը տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից մարզպետարանում հնարավոր են հաստիքների կրճատումներ. «Հաստիքացուցակ էր փոխվել, նախկին 150-ը դարձել էր 138, հիմա ես դիմել եմ կառավարություն, որպեսզի եթե հնարավոր է նախկին 150-ը պահպանվի, որպեսզի պայմանագրայինների հետ կրճատումներ չունենանք»,- ասաց մարզպետն ու հավելեց, որ ինքը կադրային ջարդ չի նախատեսում. «Կադրային ջարդով ես չեմ զբաղվելու, բայց ոչ պարտաճանաչ աշխատակիցների հետ մենք չենք շարունակելու աշխատել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ