Հունիսի 26-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անցկացվեց հանդիպում-քննարկում «Հասարակական կազմակերպությունների արդիական խնդիրների վերհանում և նորարարական առաջարկների ներկայացում» թեմայով:
«2016-ի դեկտեմբերից «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել, կարծում ենք, որ դրանում կան բացեր և չկարգավորված հարցեր, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, օրինակ ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների դեպքում ՀԿ-ները խնդիրներ են ունենում»,- ասաց ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և հավելեց, որ հանդիպման ժամանակ այդ խնդիրները քննարկվելու են արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և ՔՀԿ ներկայացուցիչների կողմից:
ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, կարևորելով ՔՀԿ-ների դերը օրենքի գերակայության և հանրային թափանցիկ կառավարման հարցերում, նշեց, որ ՊԵԿ-ում ստեղծել է հատուկ բաժին, որը զբաղվում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հարցերով և օրենքի տառին համապատասխան փորձում է աջակցել նրանց իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Միջոցառմանը ծրագրի իրավաբան փորձագետներ Քրիստինե Ղուկասյանը, Տիգրան Դանիելյանը, Նարեկ Ենոքյանը և Մերի Հարությունյանը ներկայացրեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով՝
- ՀԿ-ների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացում առկա խնդիրները,
- ՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովում. 1 տոկոսի օրենքի ներդրման հնարավորությունը,
- Հանրային կարևորության հարցերով ՀԿ-ներին դատարան դիմելու իրավասության տրամադրում,
- Մասնագիտացված ՀԿ-ներին «դատարանի ընկեր» հանդես գալու իրավասության տրամադրում. միջազգային փորձի ներկայացում:
Մասնակիցներին մտահոգող հարցերից են հանրային միջոցների վերաբերյալ հաշվետվությունների և 5 միլիոն դրամից ավելի շրջանառության դեպքում պարտադիր աուդիտի պահանջը: Սրանք պրակտիկայում խնդրահարույց են, քանի որ դժվար է տարանջատելը, թե որ աշխատանքներն ու ծախսերը հատկապես որ միջոցների շրջանակում են կատարվել, եթե ՀԿ-ն մի քանի աղբյուրներից ֆինանսավորում է ստանում: Միևնույն ժամանակ բավականին ցածր է պարտադիր աուդիտի անցկացման համար սահմանված 5 միլիոն դրամի շեմը. աուդիտը բավականին թանկ է և ոչ բոլոր դրամաշնորհներն են ներառում կամ նպատակահարմար գտնում ֆինանսավորում նախատեսել աուդիտի համար:
ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը հայտնեց, որ այս քննարկման արդյունքում գույքագրված խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն ՊԵԿ-ում և դրանց պաշտոնական լուծումներ ու պատասխաններ կտրվեն:
Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագիր