Իսպանիայի հատուկ ծառայությունները խոշոր հատուկ գործողություն են սկսել հայկական մաֆիայի դեմ: Այս մասին հայտնում են Կատալոնիայի իրավապահ ծառայությունները, գրում է Newsru.com-ը:
Հաղորդվում է, որ հատուկ գործողությանը մասնակցում է ավելի քան 1000 իրավապահ: Նախատեսվում է ձերբակալել 142 մարդ, ինչպես նաև 73 խուզարկություն անցկացնել երկրի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մադրիդում, Բարսելոնում, Վալենսիայում, Ալիկանտեում:
Քննությունը սկսվել է 2016թ. Վրաստանի երկու քաղաքացիների սպանությունից հետո, որոնք կապեր ունեին օրենքով գող Կախաբեր Շուշանաշվիլիի հետ: Քննությունն իրականացվել է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) և Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) մասնակցությամբ:
Իրավապահները տեղեկացրել են, որ խոսքը «խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի» մասին է, որին մասնակցում են ծնունդով հայաստանցիներ: Նրանք կասկածվում են փողերի լվացման, թմրանյութերի և զենքի վաճառքի, կոռուպցիայի, ծխախոտային արտադրանքի մաքսանենգության և այլ հանցագործությունների մեջ:
Նշվում է, որ խուզարկությունների մեծ մասն արդեն ավարտվել է, կան ձերբակալվածներ: Դրանց թվում է օրենքով գող Արմենակ Բադալյանը, որը հայտնի է ԲԴՈ մականունով: Նա ձերբակալվել է այսօր առավոտյան՝ Կատալոնիայի Բադալոնա բնակավայրի իր տանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ