Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետարանի մի սեղանի պատմությունը

Հունիս 26,2018 16:32

Այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը ներկայացրեց փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Մարզպետի տեղակալն ասաց, որ ինքն աշխատելու է հանուն մարզի բարօրության, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է բաց ու թափանցիկ: Ղուկասյանն իր կարծիքը հայտնեց նախկինում մարզպետարանում կատարված աշխատանքների մասին. «Ես դա գնահատում եմ ցածր եւ անորակ, սակայն դա չի նշանակում, որ մարզպետարանում չեն եղել բարեխիղճ եւ պատասխանատու աշխատողներ, որոնք որ հիմա էլ կան: Ես առաջարկում եմ, որ մարզպետարանի փիլիսոփայության, գործունեության ոճը փոխել 180 աստիճանով»:

Լսելով տեղակալին, մարզպետը փորձեց ճշտել. «Պարոն Ղուկասյան, մի ճշտում էի ուզում անել, այդ որակավորումները, որ տվեցիք, դուք նկատի ունեիք մինչեւ այսօր, թե՞ նկատի ունեք մինչեւ ինձ»:

-Մինչեւ հեղափոխությունը,- պարզաբանեց Ղուկասյանը, որից հետո մարզպետը շարունակեց. «Ճիշտն ասաց, ես մինչեւ այդ չեմ կարող ասել, որտեղ ինչ է արվել: Եթե մի բանի մասին պետք է խոսենք, ոչ թե կուսակցական պատկանելությունով պետք է խոսենք, այլ շատ կարեւոր է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը, եւ իրերը կոչենք իրենց անուններով: Եթե կա ինչ-որ դժգոհություն, կամ խախտում, չարաշահում նկատեք, ուրեմն կոնկրետ մատնանշեք, թե որտեղ է եղել: Առայժմ ես դա չեմ նկատել, հետագայում որտեղ, որ կնկատեմ, խոսակցություններ կլինեն, ես չեմ շարունակի աշխատել»:

Խորհրդակցության ընթացքում Ղուկասյանն անդրադարձավ նաեւ իր խոսքով՝ մինիմալ պայմաններից զուրկ իր աշխատասենյակին . «Ամսի 21-ից իմ հրամանը եղել է, բայց ես չունեմ մինիմալ պայմաններ, չունեմ համակարգիչ եւ սեղան: Եվ 2 օր է գալիս եմ աշխատանքի, եւ տարբեր կաբինետներում ծավալում եմ իմ գործունեությունը: Դուք այդ մասին տեղյա՞կ եք»:

Հրանտ Մարգարյանն ասաց, որ իրենց հնարավորության սահմաններում կտրամադրեն համապատասխան գույք, ապա շարունակեց. «Ինձ համար շատ անհասկանալի եղավ, երբ որ ես Երեւանից վերադարձա եւ իմացա, որ առանց ներկայանալու, աշխատակազմի ղեկավարի օգնականի հետ շրջել եք, աշխատակազմի հետ աշխատանքները տարել: Դա ինձ համար շատ անհասկանալի էր, որովհետեւ պետք է ներկայացնեն, որ մարդիկ իմանան իրանց ով է այցելում»:

Իսկ աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասաց, որ շատ մարզպետարանների պես, Լոռու մարզպետարանի գույքը նույնպես տարիներ առաջ է համալարվել նորերով. «Մարզպետարանը պետական կառավարչական հիմնարկ է, հիմնարկը գույք ստանալու համար պետք է միջոցներ ստանա պետական բյուջեից: Մի քանի անգամ դիմել ենք նախկին կառավարությանը, բայց մեզ գումար չի հատկացվել այդ նպատակով: Եվ մեր շենքում շատ աշխատասենյակներում գտնվում են մեր աշխատակիցների անձնական իրերը, իհարկե իմ եւ մեր տնտեսական բաժնի պետի գիտությամբ, որպեսզի հետագայում նման խնդիրներ չլինեն: Խնդիրն, իհարկե, կար, բայց ինչպես մարզպետը նշեց, դա կարելի էր հարթել այլ կերպ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930