Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ օլիգարխիային». ապօրինի հարստացածների համար տնտեսական համաներում է առաջարկվում՝ փոխհատուցման դիմաց

Հունիս 26,2018 16:02

Այսօր «Հոդված 3» ակումբում հանրային ակտիվիստներ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը, ինժեներ Վահագն Մինասյանը, ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեցին «Վերջ օլիգարխիային» իրենց նախաձեռնության մասին: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են օրենսդրական փոփոխության առաջարկ անել, ըստ որի մեխանիզմներ կստեղծեն հանրային ռեսուրսները ապօրինի զավթված կապիտալը վերադարձնելու համար. «Մեր կարծիքով, հանրային բարիքի վերադարձը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ հանրությունը ճանաչի ապօրինի հարստություն կուտակած անձանց սեփականության նկատմամբ իրավունքները եւ դրա համար երաշխիքներ տա իր հասցրած վնասը փոխհատուցելու, պետական կառավարման լծակներ տնօրինելուց հրաժարվելու, ապագայում բիզնես-պետության սերտաճումը բացառելու դիմաց»:

Ըստ նախաձեռնության անդամների, հիմա նոր իրողությունները հաշվի առնելով՝ նախադրյալներ են ստեղծվել, որ բիզնեսմենների առջեւ փակվեն պետական ապարատի դռները: Նման սերտաճումը բացառելու համար պետք է ստեղծել իրավաքաղաքական մեխանիզմներ: Ապօրինի հարստություն կուտակած անձանց սեփականությունը չի ճանաչվում հանրության կողմից եւ բնական է, որ պետությունը չի կարող երաշխիքներ տրամադրել՝ այդ սեփականության պահպանման համար: Գործարար ոլորտի ներկայացուցիչների համար եթե հստակ մեխանիզմներ չլինեն, այսուհետ եւս պետական կառավարման համակարգի յուրացումը դիտվելու է՝ որպես սեփականության պահպանման միակ միջոց ու միակ երաշխիք: Սա լի է վտանգներով, երկրում կրկին չեն լինի ազատ ու արդար ընտրություններ:

Նախաձեռնության անդամները գտնում են, որ խոշոր օլիգարխները պետք է հանրությանը պատճառած վնասները փոխհատուցեն: Վնասի հատուցումը, տնտեսական համաներումը հնարավորություն կտա լուծել խնդիրը՝ առանց ունեզրկողի ու ունեզրկվողի միջեւ թշնամանքի՝ ի տարբերություն կուլակաթափության եւ հանրության կողմից ունեցվածքի վերաբաշխման այլ բանաձեւերի: Այս լուծումը կլինի սիրո եւ համերաշխության թավշյա հեղափոխության սկզբունքներին համահունչ:

ԱԱԾ-ն այս օրերին ապօրինի հարստացածների հետեւից է գնում, նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանն ասաց, որ այս դեպքում հանրությունը չի ճանաչում տվյալ օլիգարխի սեփականությունը:

Վահագն Մինասյանն ասաց, որ նախկինում կառավարման ապարատի փոփոխությունների հետ մեկտեղ սեփականության ապօրինի կուտակված կապիտալի վերաբաշխում է տեղի ունեցել ու այսօրվա կառավարությունը պետք է երաշխիքներ տա օլիգարխներին, որ վերադարձնեն հանրային միջոցները, հակառակ դեպքում էլի մեկ կառավարությունից այդ ունեցվածքը, կապիտալն անցնելու է մեկ այլ կառավարության:

Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ հանրության կողմից հետաքրքրությունը իրենց նախաձեռնության հետ կապված մեծ է, բոլորն են հետաքրքրված ապօրինի զավթածը վերադարձնելով, իսկ փոխհատուցման դիմաց սեփականության ճանաչումը ընդունելի տարբերակ է լայն հասարակության համար: Վահագն Մինասյանն ասաց, որ օլիգարխիան հանրության հետ դաշինք պետք է կնքի ու միասնական օրենսդրական նախաձեռնություն ներկայացնեն:

Հարցին՝ ո՞վ է որոշելու օլիգարխի գողացածի չափը՝ հանրությո՞ւնը՝ Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ դա որոշելու է դատարանը: Սահակյանն ասաց, որ ապօրինի հարստացումը բազմաշերտ խնդիր է, մեկը բյուջեն է թալանել, մյուսը կաշառք վերցրել, մեկ ուրիշը մարդ է սպանել ու նրա ունեցվածքը վերցրել կամ աշխատողների է շահագործել: Այս խնդիրները չենք կարող մի զամբյուղի մեջ դնել: Կան կարծիքներ, որ կաշառակերությունը չի կարելի ներել ու տնտեսական համաներման տակ անցկացնել: Քննարկման արդյունքում կպարզեն, թե որ դեպքում ինչ անեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբ – #Article3 Club

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930