Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Ընտրական օրենսգրքում նախատեսվելիք բարեփոխումների արդյունքում մի քանի տասնյակ օրենքներ են փոխվելու: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Այժմ հանձնաժողովում 2 լուծում է քննարկվում՝ համապետական վարկանիշային ցուցակ եւ համամասնական փակ ցուցակ: Գիտենք, որ քաղաքացիական հասարակությունը մի շարք մտահոգություններ ունի վարկանիշային ընտրակարգի շուրջ, ուստի մենք կողմնակից ենք սովորական՝ փակ համամասնական ցուցակներին»,-նշեց նա:
Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդիր է դրել կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք նախընտրական շրջանում բացառեն փողի ազդեցությունը. «Նախընտրական փուլում թեկնածուների համար խաղի կանոնները պետք է փոխվեն: Նրանք պետք է մրցեն ծրագրերով, ոչ թե դրամապանակների պարունակությամբ»:
Իոաննիսյանը հավելեց, որ քննարկումներ են ընթանում նաեւ մատնահետքերի եւ ցուցակների մաքրման առնչությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ