Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական տարրերի չգրված օրենքները. Բանտում ղումար խաղալը, զոն նայողներին մուծվելը, օբշյակի եւ այլ խնդիրները վերացնելու են

Հունիս 26,2018 15:13

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը այսօր «Հայաստանն առանց խոշտանգումների» խորագրով միջոցառման ժամանակ պատմեց քրեակատարողական հիմնարկներում գողականների բարքերի մասին: Նա ասաց, որ այդ բարքերը կոռուպցիոն գործարքների մաս են, այդ «օբշյակների» գումարների մի մասը գնում է ադմինիստրացիային. «դատապարտյալների, նրանց ընտանիքների գումարներով ինչ-որ խցեր վերանորոգվում են: Հարցումների ընթացքում երիտասարդներից մեկը, որը 3 տարի նստել էր Շանթ Հարությունյանի գործով, ասում էր, որ իր ընտանիքի վրա ամեն տարին նստել է 20 հազար դոլար, որովհետեւ դա «օբշյակն» է, բժշկական բաներն են, դա ղումար խաղալուն ներգրավելու փողն է: Մենք մի իրողության հետ գործ ունենք, որ մի կողմից բոլորը գիտեն, մյուս կողմից որեւէ մեկը չէր համարձակվում բացահայտ խոսել: Երկու տեսակի բան ունենք՝ մեկը, որ հռչակված է օրենքով, մյուսը՝ այն իրականությունը, որը կա»:

Արտակ Կիրակոսյանն ասաց, որ հիմա կա հանձնարարական արդարադատության նախարարի, որ դա պետք է վերացնել: Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Կիրակոսյանն ասաց, որ առաջին քայլն արված է, պետք է խնդիրները այսպես ասած «գույքագրել», որ լուծումներ գտնեն: Վտանգ կա, որ կտրուկ քայլերով կարող են ավելի վնասել, որովհետեւ փաստ է, որ օրենքից դուրս քրեակատարողականներում իրենց օրենքներն ունեն ու եթե արգելեն դա, կարող է ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեն:

Այդ չգրված օրենքներով կալանավայրում ապրելու դեպքում մեկ տարին, ինչպես ասվեց, դատապարտյալի վրա արժենում է մոտ 20 հազար դոլար: Արտակ Կիրակոսյանը մանրամասնեց. «Դա ծանրոցներն են, բժշկական խնդիրները, ղումար խաղալը: Շատ դժվար է խուսափել ղումար խաղալուց, դա նշանակում է, որ դու ընդհանուր «պալաժենիայից» քեզ դուրս ես դնում: Այդ խաղերի արդյունքում պարտված գումարների տոկոսը գնում է զոն նայողներին, մի մասն էլ՝ ադմինիստրացիային: Դա մի ամբողջ համակարգ է, եթե դու ընդդիմանաս, բողոքես, պրակտիկորեն, այդ համակարգում բողոքելն էլ է դժվար: Մենք Գասպարիի օրինակը ունենք, որը տարիներով այդ խնդիրների մասին է խոսում, բայց ընթացք չի տրվում դրան»:

Արտակ Կիրակոսյանն ասաց, որ քրեակատարողականներում մի շարք խնդիրներ կան՝ սեռական փոքրամասնությունների, ու ամեն խնդրի հետ կապված պետք է լուծում տան. «Մենք շատ լավ գիտենք, որ ձեռքի հեռախոսներն արգելված են, բայց ամեն խցում ունեն: Տարեկան հաշվետվությունները, որ խուզարկություններից 2-3 հազար հեռախոս են առգրավել, ըստ էության, դա ոչ մի բանի մասին չի վկայում, բացի այն, որ լայնամասշտաբ այդ խնդիրը կա: Խցեր կան, որ ինտերնետ ունեն»:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ քրեակատարողական հիմնարկներում գողականների չգրված օրենքները, խաղամոլությունը վերացվի՝ պատասխանեց. «Դա այնքան բարդ հարց է եւ տարիների ընթացքում արմատավորված, սերտաճած, հիմա մենք թե՛ նախարարության հետ ենք պայմանավորվել, որ պետք է այդտեղ աշխատել, թե՛ քաղհասարակության հետ: Պետք է շատ մանրամասն ուսումնասիրվի, ժամանակն է, որ մենք համատեղենք ուժերը, տեսնենք ով ինչ մտավախություններ ունի, լուծման ուղղությունները տեսնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930