ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։
Հունիսի 25-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ավազակային հարձակմամբ խանութից հափշտակվել է թանկարժեք զարդ։
Նախնական քննության տվյալներով՝ ժամը 13:40-ի սահմաններում խանութ է մտել մի երիտասարդ և գնելու նպատակով վաճառողուհուց վերցրել կանացի թանկարժեք մատանի՝ ոսկուց և ադամանդե քարերով։ Այն խանութի մուտքի մոտ գտնվող իր ծանոթին ցույց տալու պատրվակով երիտասարդը դիմել է փախուստի, ում փորձել է բռնել խանութի պահպանությունն իրականացնող աշխատակիցը։ Երիտասարդը դանակով սպառնացել է իրեն հետապնդողներին և նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել է դեպքի վայրից։
Քննությամբ պարզվել է, որ տվյալ մեքենան Մոսկովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել՝ բախվելով այլ ավտոմեքենաների, ինչից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այլ ավտոմեքենայով՝ օգտվելով տաքսի ծառայությունից։
Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1986թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե