Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի թաղի գործով» գուցե կալանքից ազատումներ լինեն

Հունիս 26,2018 14:31

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր «Սարի թաղի գործով» հերթական դատական նիստն էր: Ամբաստանյալի աթոռին են Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանը եւ Հրաչյա Բոյաջյանը: Վերջինիս շահերի պաշտպան Արայիկ Զալյանը նախորդ նիստում ներկայացրել էր Բոյաջյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն: Դա ենթադրում է, որ եթե դատարանն ընդունի 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավի որոշում, ապա Բոյաջյանը կալանքից կազատվի:

Այսօր այդ միջնորդության քննարկումն ավարտվեց, ինչից հետո պաշտպանական կողմից կալանքից ազատման միջնորդություններ ներկայացվեցին նաեւ Արման Ադամյանի եւ Ժորա Ավետիսյանի համար:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի աշխատանքային օրվա ավարտին:

Ի դեպ, այսօրվա նիստը մեկ ժամ ուշացմամբ սկսվեց, քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակն ամբաստանյալներին սահմանված ժամին չէր բերել դատարան՝ առանց այդ մասին բացատրական գրության:

Սարիթացիները մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել: Վերջերս կալանքից ազատվել էին չորս սարիթաղցիներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930