Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ հրապարակվեց ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերի մասին զեկույցը: Ինքնավնասման դեպքերի վիճակագրություն վարվում է 2014-ից եւ այդ թվականից մինչ օրս արձանագրվել է ինքնավնասման 2331 դեպք: Ըստ զեկույցի, հայաստանյան քրեակատարողականներում կալանավորները ինքնավնասում են անում՝ հիմնականում մաշկի կտրվածքներ անելով, շուրթերը կամ կոպերը կարելով, ինչ-որ իրեր, օրինակ՝ մեխ կուլ տալով, իրենց մեջ թուք ներարկելով, ոտքերը հատակին կամ կահույքին գամելով:
Միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՔԿՀ-ում ինքնավնասում է արել 81 մարդ:
Քրեակատարողականներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանը գտնում է, որ ազատազրկվածները ինքնավնասում են կատարում հիմնականում բազուկների շրջանում: 2016-ին 2 անձի կողմից միայն 250 ինքնավնասում կատարելու դեպք է արձանագրվել, իսկ սա խոսում է այն մասին, որ նրանց հետ պատշաճ աշխատանք չի տարվում:
Ինքնավնասման դեպքեր կան, որոնք մահվան ելքով են ավարտվել, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Սերոբ Գեւորգյանը ինքնավնասումից 4 օր անց էր տեղափոխվել հիվանդանոց ու 3 օր անց մահացել: Մեկ այլ դատապարտյալ էլ, այնքան էր բողոքել, որ վատ է, իրեն չեն տանում հիվանդանոց, որ իր թուքը ներարկել էր, նրան ստիպված տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց, բայց ուշ է եղել, մահացել է:
Քրեակատարողական հիմնարկներից առավել շատ ինքնավնասման դեպքերն են արձանագրվել «Նուբարաշենում» եւ «Արմավիրում»: «Նուբարաշե» ՔԿՀ-ում 797 կալանավորներից 28-ը այս տարի ինքնավնասում է արել, «Արմավիրում»՝ 715-ից 24-ը, 9 դեպք գրանցվել է «Հրազդան» ՔԿՀ-ում, 6 դեպք էլ՝ Դատապարտյալների հիվանդանոցում:
Ինքնավնասման դեպքերը կարող էին կանխարգելվել, եթե պատշաճ աշխատանք տարվեր: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում, բացառությամբ «Արմավիրի» ու «Նուբարաշենի», հաստիքագրված է մեկական հոգեբան, «Գորիս» ՔԿՀ-ում առհասարակ չկա հոգեբան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ