Այսօր Երեւանի քաղաքապետարանում Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն առաջարկեց օրակարգում ավելացնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ Երեւանի ավագանին ցրելու հարցերը: Ըստ Մարինա Խաչատրյանի, այս առաջարկության համար հիմք են հանդիսացել «Երեւան» հիմնադրամի հետ կապված բացահայտումները եւ հանրային միջոցների յուրացման մասին տեղեկությունները:
«Այդ ամենը ենթադրում են քրեական պատասխանատվություն»:
Ավագանու նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց. «Երեւանի քաղաքապետի «հրաժարականի» ձեւակերպում այդպիսի արտահայտություն, օրենսդրորեն մենք ունենք Երեւան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածը, որը հստակորեն կարգավորում է Երեւանի քաղաքապետին, որպես համայնքի ղեկավար անվստահություն հայտնելու գործընթացը: Այն է՝ օրենքի կարգավորմամբ, ավագանու ընդհանուր թվի ձայների մեկ երրորդի նախաձեռնությամբ, նախապատրաստվում է որոշման նախագիծ, որը եռօրյա ժամկետում պետք է դրվի ավագանու քննարկմանը: Հարգարժան տիկին Խաչատրյան այս հարցն օրենսդրորեն կարգավորված է եւ չի տեղավորվում այսօրվա օրակարգի տրամաբանության մեջ»:
Կամո Արեյանն ասաց, որ Մարինա Խաչատրյանի առաջարկությունը ժամանակավրեպ է, քանի որ այն կարող էր արվել մինչ օրակարգը ձեւավորելը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ