Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայաստանն առանց խոշտանգումների» խորագրով միջոցառման ժամանակ ասաց, որ առաջին անգամ է, որ կառավարության ծրագրի մեջ տեղ է գտել մի կարգախոս, որն իրենց կազմակերպության սրտից է բխում՝ «Հայաստանը՝ առանց բռնությունների»: Ըստ Լարիսա Ալավերդյանի, վարչապետը հստակեցրել է իրենց մոտեցումը, որ մենք պետք է փոփոխենք, կոնկրետացնենք այն բոլոր միջոցների օգտագործումը, որը թույլատրելի է կոնվենցիաներով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ երբ մարդուն ազատությունից զրկում են, այդ պահից է, որ բոլոր երաշխիքները պետք է սկսեն գործել. «Մենք մեծագույն խնդիր ունենք հենց այս փուլում՝ սկսած փողոցից, երբ մարդուն տանում են բաժին: Մենք աշխատում ենք ոստիկանների հետ, քաղհասարակության հետ»: Ըստ օմբուդսմենի, պետք է սկզբունքորեն փոխել դատապարտյալի նկատմամբ, ազատությունից զրկված անձի նկատմամբ վերաբերմունքը: Այսօր սոցիալ-հոգեբանական պատշաճ աշխատանքներ անձի հետ չեն տարվում՝ կապված ռեսուրսների բացակայությամբ: Թաթոյանն ասաց, որ իրենք մի քանի մեխանիզմներ են առաջարկել՝ բարեփոխումների համար:
Օրինակ, եթե դատապարտյալի մայրը մահացել է, անձը չի կարող մասնակցել իր մոր թաղմանը: Սա ՔԿՀ-երի մեղավորությունը չէ, օրենսդրական արգելք կա, հիմա օրենքով առաջարկելու են այս արգելքները հանել. «Ընդհանրացված արգելքներ չպետք է լինեն, պետք է անհատականացված լինի՝ որքանո՞վ է այդ մարդը ռիսկային: Շատ կարեւոր է նաեւ ունենալ մեխանիզմ, թե ինչպես պետք է աստիճանաբար մարդուն նախապատրաստել ազատ արձակման»:
Արման Թաթոյանն ասաց. «Մենք ունեինք հոգեբան, որն ավելի խիստ էր վերաբերվում կալանավորին, քան ոստիկանության կամ ՔԿՀ-ի ծառայողը սա ակնհայտորեն գիտելիքի պակասի հետեւանք է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ