Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի մայրաքաղաքը երկրի հարավային հատվածի հետ կապող կարճագույն և բնական՝ աշխարհագրորեն պարտադրված ճանապարհը Նախիջևանից նախաձեռնված մեկ հարվածով կարող է կտրվել. «168 ժամ»

Հունիս 26,2018 12:27

Նախիջևանյան խնդրի էությունը երկար ու բարակ բացատրելու չէ։ Հայաստանի մայրաքաղաքը երկրի հարավային հատվածի հետ կապող կարճագույն և բնական՝ աշխարհագրորեն պարտադրված ճանապարհը, առնվազն՝ իր Երասխ-Արենի հատվածում, Նախիջևանից նախաձեռնված մեկ հարվածով կարող է կտրվել, և Հայաստանի երկու մարմնի բաժանվելն ակնհայտ կդառնա (չենք ասում «մասի», այլ՝ հենց «մարմնի», որպեսզի ավելի ընկալելի լինի, որ խոսքը ոչ թե վերացական, այլ կենդանի իրողության մասին է)։ Մեր բախտը պարզապես բերել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ այս գործողությունն ինչ-ինչ հանգամանքների բերումով չի իրացվել։ Ոչ մի բարդ կոմբինացիա այստեղ պետք չէ. ընդամենը մեկ անսպասելի ու արագ հարված, և Երևանի կապը Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Ստեփանակերտի, մյուս կողմից էլ՝ Իրանի հետ, եթե չասենք իսպառ վերանում է, ապա՝ գոնե վերածվում է Երևան-Սելիմի լեռնանցք 2-3 անգամ ավելի երկար ճանապարհով կապ պահելու խնդրի (էլ չասած, որ նույնիսկ դա վտանգի տակ կլինի)։

Սրան ավելացնենք նաև Երևանի հասանելիությունը և խոցելիությունը Նախիջևանից իրացվող ռազմական գործողությունների նկատմամբ, և պատկերը եթե ոչ՝ կամբողջանա, ապա՝ գոնե կուրվագծվի իր երկու հիմնական սպառնալիքներով։ Իհարկե, այսքանով գյուտ չենք անում։ Ցանկացած մարդ սա ինքնուրույն էլ կարող է հասկանալ։ Մեր խնդիրը ոչ թե գյուտ անելն է, այլ այս թեմայով խոսակցության անհրաժեշտությունը շեշտելը։ Որովհետև, եթե այս և նման իրողությունները չենք քննարկում, իբրև հանրույթ նմանվում ենք անհոգ անչափահասների մի խմբի, որը խաղալով ավազե քաղաքներ է կառուցում հրաբխի գագաթին՝ չգիտակցելով, որ դրանց ճակատագիրն ի սկզբանե կանխորոշված է։

Նախիջևան-Երևան ներկա հարաբերությամբ ստեղծվող երևանակենտրոն Հայաստանի երկատվածության խնդիրը լուծելու համար պետք է Հայաստանի ծանրության կենտրոնը տեղափոխվի այնպե՛ս, որ նոր կենտրոնի համար Վայոց Ձորի և նրանից հարավ ընկած տարածքների հետ կապի բնական և կարճ ճանապարհն անցնի Սելիմի, այլ ոչ թե Քյարքիի լեռնանցքով։ Մյուս կողմից՝ դա պետք է հնարավորինս կարճ և հարմար ուղիով կապված լինի նաև Երևանի և Արարատյան դաշտի հետ, ուր, ուզենք-չուզենք, կենտրոնացած է մնալու Հայաստանի բնակչության մեծ մասը։

Նոր կենտրոնի այլ հանգամանքներն այժմ չենք քննարկում, հարցը դեռ դիտարկում ենք միմիայն մեր քննարկած խնդրի տեսակետից։ Աշխարհագրորեն առավել հարմար տեղանքը, որը մի կողմից հարավի հետ բնականորեն կապվում է Սելիմով, իսկ մյուս կողմից համեմատաբար արագ և հարմար հասանելի է Երևանից, Սևանա լճի ավազանի հյուսիս-արևմտյան հատվածն է՝ Սևան և Գավառ քաղաքների միջև։ Այսպիսի տեղադրումն ունի և այլ առավելություններ, բնականաբար՝ նաև թերություններ, որոնք այստեղ չենք հիշատակում, քանի որ մեր բարձրացրած երկրի փաստացի երկատվածության խնդիրը հիմնարար է, որով ցանկացած այլ խնդիր երկրորդական մանրամասն է դառնում։ Իսկ ռազմավարական այս խնդրի իրացման մարտավարությունը կարելի է տարբեր կերպ պատկերացնել, սկսած նոր մայրաքաղաքի հիմնումից կամ հռչակումից՝ մինչև Հայաստանի ընդհանուր ապակենտրոնացում, այսինքն` ոչ թե նոր մեկ կենտրոնի ստեղծում, այլ բազմակենտրոնություն՝ կենտրոնի գործառույթների տեղադրում մի քանի վայրերում։

Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930