Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունենում Երեւանի ավագանու նիստ, որը սակայն վարում է ոչ թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: «Ելք» խմբակցության ավագանի Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչու է Տարոն Մարգարյանը բացակայում: Ի պատասխան Կամո Արեյանն ասաց, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի:
Նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց: Նախքան օրակարգին անցնելը նույն խմբակցության ավագանի Անի Սամսոնյանը հարցրեց, թե ինչո՞ւ է օրակարգից հանվել եւ ինչ նպատակով է օրակարգ բերվել «Երեւան» հիմնադրամի գույքը, որպես նվիրատվություն ընդունելու մասին նախագիծը, որը քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում: Կամո Արեյանն ի պատասխան ասաց, որ այո օրակարգում նախապես եղել է գույքի նվիրատվության հարցը. «Բայց քանի որ «Երեւան» հիմնադրամի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում է նախաքննության գործընթաց, առգրավված են բոլոր փաստաթղթերը եւ այդ պահին համապատասխան մարմնի կողմից բերման էր ենթարկված հիմնադրամի տնօրենը, ուստի, հետագա ընթացքի վերաբերյալ որեւէ հստակ պատկերացում, ժամկետների ընկալում, հետագա գործընթացների վերաբերյալ չունեինք: Պարզ չէր, ով է հանձնող կողմը լինելու, ում իրավասությամբ, ով է ստորագրելու, այս օբյեկտիվ մտահոգությամբ հարցը հանվել է օրակարգից, զուտ գործընթացի հետ կապված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ