Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Էստուկյան. «Ցավալի է, որ հայ պատգամավորների թիվը քիչ է լինելու Մեջլիսում». «168 ժամ»

Հունիս 26,2018 12:05

«168 Ժամի» հետ զրույցում թուրքաբնակ հայ խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ չնայած հայ պատգամավորների ներկայությունը Մեջլիսում առարկայական արդյունքների չի հանգեցրել, քանի որ, օրինակ, Գարո Փայլանի կարևոր օրենսդրական առաջարկները մերժվում էին, սա հարթակ է, որը թույլ է տալիս հնչեցնել հայ համայնքի խնդիրները, հայ հասարակությանն անհանգստացնող հարցերը նման բարձր ամբիոնից, որը մեծ տարածում է ստանում աշխարհում։ Ըստ նրա՝ այս տեսանկյունից հայ պատգամավորների ներկայությունը կարևոր է։ «Թեև այդ գործով զբաղվել է և կզբաղվի միայն Փայլանը։ Ուրախ ենք, որ նա կրկին Մեջլիսում է, ցավալի է, որ հայ պատգամավորների թիվը քիչ է լինելու, չնայած հայ համայնքը Թուրքիայում բավականին մեծ ներկայացվածություն ունի, շատ խնդիրներ ունի, որոնք ուշադրություն են պահանջում»,- նման տեսակետ հայտնեց Բագրատ Էստուկյանը։

Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիայում պետք է շարունակվի այն բռնապետությունը, որը ստեղծել է Էրդողանը։ «Հայ համայնքն իր ձայները տվել է Ինջենին ու Դեմիրթաշին, իսկ կուսակցություններից՝ ԺԴԿ-ին, քանի որ Փայլանն այդ կուսակցությունից է։ Փայլանի հետ հայ համայնքը միշտ դրական հույսեր է կապում, քանի որ նա է բարձրացնում հայ համայնքի խնդիրները մեծամասնությամբ, կարողանում դրանց հնչեղություն հաղորդել։ Կարևոր է դա»,- ասաց Էստուկյանը։

Նրա խոսքով, այս ընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում դրական տեղաշարժեր չեն խոստանում, քանի որ ամրապնդվելու է Էրդողանի բռնապետությունը, ընդլայնվելու են լիազորությունները։

Թուրք հրապարակախոս Թաներ Աքչամն արձանագրեց, որ արտաքին քաղաքական և մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ առաջընթաց չի գրանցվելու։ «Առաջընթաց չէր գրանցվելու նաև այն պարագայում, եթե չհաղթեր Էրդողանը, քանի որ նրա մրցակիցներն էլ ավելի ազգայնական են, հույսեր չէր ներշնչում, որ նրանց հաղթանակը, որը բացառված էր, որևէ փոփոխություն կբերի»,- ասաց Աքչամը։

Նա արձանագրեց, որ քանի դեռ Թուրքիան կախված է Ադրբեջանից, որևէ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չի կարող լինել, քանի որ ադրբեջանական թելադրանքի ազդեցությունը բավականին ուժեղ է։

«Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի։ Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց նա։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930