Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում քննարկվեցին Ադրբեջանում այս տարի կայացված արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները: Նշենք նաև, որ վեհաժողովում պատրաստվում է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:
Արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը վեհաժողովում ներկայացրեց ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն:
Զեկույցում իրավական գնահատական տրվեց ընտրություններին, դրանց համապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Ռիեկարդ Բադեն հայտարարեց. «Ես միայն կընդգծեմ մի քանի մտահոգիչ կետեր: Ցավոք, ընտրություններն անցան անբավարար մրցակցային պայմաններում՝ մարդու հիմնարար ազատությունների, խոսքի ազատության սահմանափակման մթնոլորտում, այդ թվում նաև օնլայն լրատվության սահմանափակումների մթնոլորտում: Ընտրությունների օրը մի շարք սխալներ են տեղի ունեցել, այդ թվում նաև թափանցիկության բացակայություն, ընտրական ընթացակարգի խախտումներ: Առկա էին նաև զրպարտության և վիրավորանքի երևույթներ: Տարիներ շարունակ Ադրբեջանում քննադատության և ազատ խոսքի համար մարդիկ հայտնվել են անազատության մեջ: Ուստի այս ընտրություններին որևէ քննադատական խոսք չհնչեց մյուս յոթ թեկնածուների կողմից հիմնական թեկնածուի հասցեին: Ուստի կոչ է արվում Բաքվի իշխանություններին վարել սերտ համագործակցություն ԵԽ-ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ, որպեսզի վերացվեն գոյություն ունեցող խնդիրները»:
Գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն հայտարարեց, որ մասնակցել է Ադրբեջանում դիտորդական առաքելությանը, նա Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները համարեց ոչ ազատ, ոչ արդար:
Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսն էլ հայտարարեց, թե այս ամենը, որ ԵԽԽՎ-ում խոսվում է Ադրբեջանի մասին, ազդեցություն չի ունենում Ադրբեջանի իշխանությունների վրա: Նա, դիմելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովին, ասաց, որ Իգլար Մամադովը պետք է ազատ արձակվի:
Ի պատասխան հնչած քննադատությունների, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց՝ ոչ ոք չի կարող Ադրբեջանին հետ կանգնեցնել իր ընտրած ուղուց և հավաստիացրեց, որ վերջերս կայացած արտահերթ նախագահական ընտրությունները Ադրբեջանի ժողովրդի հաղթանակն էին:
Ադրբեջանական պատվիրակության անդամները բավականին ակտիվ էին հակադարձում ԵԽԽՎ պատվիրակների քննադատություններին՝ չմոռանալով նաև պնդել, թե հայերը ոչնչացրել են իրենց հուշարձանները, օկուպացրել տարածքներ:
Ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևան հայտարարեց, թե ԵԽԽՎ-ն պետք է զգույշ լինի իր որակումներում և հայտարարություններում: Այնուհետև բերեց Հայաստանի օրինակը. «Վաղ թե ուշ իրականությունը կպարզվի, ինչպես դա եղավ Հայաստանում: Հիշում եք՝ նույնիսկ չքննարկեցինք ընտրությունները Հայաստանում, քանի որ դրանք համարվեցին թափանցիկ և ժողովրդավարական: Բայց տեսաք, թե ինչ եղավ. ընտրություններից քիչ անց հանրությունը ոտքի կանգնեց ընդդեմ այսպես կոչված լեգիտիմ ընտրությունների և իշխանությունների և իրականացրեց երկարատև բողոքի ցույցեր: Չեմ կարծում, որ ժողովրդավարական ընտրությունները կարող են ավարտվել նման ցույցերով, ձերբակալություններով: Իսկ մյուս կողմից Ադրբեջանում նախագահական ընտրությունները համարվեցին խախտումներով, սակայն իրականում ադրբեջանական հասարակությունն իր կամքն արտահայտեց ապրիլի 11-ին»:
Նշենք, որ Ադրբեջանի թեմայով քննարկումները կշարունակվեն նաև այսօր՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ