Մշակույթի ոլորտում խնդիրների, նախկինում եղած բացերի եւ սպասվելիք փոփոխությունների շուրջ ՀԺ-ն զրուցել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։
– Բոլոր նորանշանակ նախարարները մի քաղաքականություն են որդեգրել, կոռուպցիոն բացահայտումներ են կատարում եւ հանրայնացում։ Ձեր ոլորտում նման բացահայտում հասցրե՞լ եք։
– Կոռուպցիոն բացահայտումները պահանջում են իրավական աուդիտորական եւ համապատասխան բաժինների ներգրավվածություն։ Նախարարության ներսից այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ իրականացրել են աշխատանք, դեռ նման բան չի նկատվել։ Իրենց կողմից որեւիցե չարաշահման դեպք չի ներկայացվել, բացառությամբ 2016-17 թթ. հուշարձանների հետ կապված
չարաշահումները։ Գործը, ինչպես հայտնի է՝ գտնվում է դատախազությունում։
– Մշակույթի հետ առնչվող որոշ գործիչներ հայտարարել էին, որ նախկին նախարարի օրոք նախարարության բյուջեն աննպատակ մսխվել է եւ ավերակներ են տիրում միայն, մինչդեռ մի շարք արվեստի գործիչներ էլ հակառակն են պնդում, որ Ամիրյանի օրոք մշակութային կյանքը քիչ թե շատ աշխուժացել է:
– Դժվարանում եմ պատասխանել։ Մշակույթի զարգացման հետ կապված տարբեր մարդիկ ունեն իրենց մոտեցումները, իսկ նախորդ նախարարի՝ պարոն Ամիրյանի կողմից հիմնական շեշտադրումը եղել է մեծաքանակ միջոցառումների անցկացումը։ Ես կարծում եմ, որ մշակույթի զարգացման ոլորտում կա ռազմավարական մոտեցումների խնդիր։ Տպավորություն ունեմ, որ շատ ենք շեշտադրում անում կոռուպցիոն չարաշահումների վրա, բայց բաց ենք թողնում, թե ինչպես պետք է զարգացնենք մշակութային կյանքը։
Պետք է նախ պահպանենք այն, ինչ ունենք, ապա կարողանանք հարստացնել ունեցածը եւ որ ամենակարեւորն է՝ չխորշենք նոր սերնդի
նոր շունչը եւ նոր մոտեցումները ներմուծել մշակութային կյանք։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում