ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը դարձյալ հայտնվեց այնպիսի երկրների հետ մեկ «զամբյուղում», ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Բելառուսը, իհարկե՝ Ռուսաստանի «բարձր հովանու ներքո»։
Դա տեղի ունեցավ երկու անգամ։ Հայաստանը դեմ քվեարկեց բանաձեւին, ըստ որի՝ ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն մոլդովական Մերձդնեստրից, ինչպես նաեւ քվեարկեց ընդդեմ բանաձեւի, որը ճանաչում է Վրաստանի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքից բռնի տեղահանվածների տուն վերադառնալու իրավունքը։
Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Երեւանը նման՝ չվաստակած ընծաներ է մատուցում «ռազմավարական դաշնակցին»՝ բարդացնելով իր՝ առանց այն էլ բարդ դրությունը, որը ստեղծվել է տոտալ կոռուպցիայի, կեղծված ընտրությունների, միջազգային հանրության կողմից որպես Ռուսաստանի կամակատար ընկալվելու բերումով։ Ի վերջո, դա ուներ հստակ բացատրություն։ Հայաստանի «էլիտան» իր կոռուպցիոն գործունեությունը եւ վերարտադրությունը շարունակելը հնարավոր դարձնելու համար երկրի ինքնիշխանությամբ, միջազգային վարկով վճարում էր ռուսներին։ Դրան գումարած՝ ռուսական «ժուչոկների» գործոնը, երբ այդ կոնտինգենտն ուղղակի իրենով էր արել ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
Սակայն սա առաջին անգամն է, երբ դա տեղի է ունենում հետհեղափոխական Հայաստանում, եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշում նշանակում է անցյալը մերժած, անցյալը հեռացրած, հեռացումը պարտադրած, նո՛ր վերնախավի դիրքորոշում։
Այդ դեպքում օրինաչափական հարց է առաջանում, թե նրանց ինչի՞ն է սա պետք։ Լիովին հասկանալի է, թե նախկին իշխանություններն ինչու առանձնապես չէին էլ խորանում հարցերի էության մեջ՝ լինեն դա վրացական հակամարտությունները, Մերձդնեստրի խնդիրը, Ղրիմի բռնակցումը կամ Ռուսաստանի ներխուժումը Դոնբաս։ Նրանցից ձայն էր պահանջվում, նրանք տալիս էին, նրանց նույնիսկ չէր էլ հետաքրքրում՝ ինչ գնով է դա արվել, ինչ հետեւանքներ կունենա։ Եվ մի քանի փորձերից հետո պարզ դարձավ, որ երեւի թե բացատրելն էլ իմաստ չուներ, քանզի նրանք դրա կարիքը չունեին, նրանք այլ խնդիր էին լուծում, խնդիր, որը կապ չուներ պետության եւ հասարակության շահի հետ։ Եվ այսպիսի քաղաքականության հետեւանք քառօրյա ապրիլյան պատերազմն էլ ի զորու չեղավ որեւէ բան փոխել։ Քննադատության տարափին էլ ի պատասխան՝ նրանք հայտարարում էին երեք բան. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է», «մենք ունենք Արցախի խնդիր», եւ դա «բխում է մեր անվտանգության շահերից»։
Հետեւաբար կարիք կա որոշ արձանագրումներ կրկնելու, առանց որոնց թերեւս պարզ չի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես, «մենք ունենք Արցախի խնդիր»։ Ի՞նչ կապ ունի դա Մոլդովայից ռուսական զորքերի դուրսբերմանը դեմ լինելու կամ Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տուն վերադառնալու իրավունքի հետ, կամ Ղրիմի եւ Դոնբասի խնդիրների հետ։
Արցախի խնդրի հետ այդ հակամարտությունները կապ ունեն այնքանով, որքանով դրանք հետխորհրդային տարածքում են, եւ դրանով նրանց «նմանությունն» ավարտվում է. Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ, այն պաշտպանվում է անվերապահորեն, իսկ ռուսական զորքերի՝ այնտեղ գտնվելը համարվում է անօրինական, ռուսական բանակի գործողությունները՝ որպես օկուպացիա։ Այդ բոլոր չճանաչված կազմավորումները, ինչպես նաեւ բռնակցված Ղրիմը, չեն վերահսկվում Թբիլիսիի, Կիեւի եւ Քիշնեւի կողմից բացառապես ռուսական զորքերի եւ հատուկ ծառայությունների ակտիվ եւ ագրեսիվ գործողությունների արդյունքում։ Բացի դրանից, այդ կազմավորումներում չկա եւ չի կարող լինել ցեղասպանության վտանգ, իսկ Թբիլիսիում, Կիեւում եւ Քիշնեւում էթնիկական հողի վրա ջարդեր պետության կողմից կազմակերպված չե՛ն եղել։ Այլ է Արցախի պարագան։ Արցախում ամեն ինչ սկսվեց փաստաթղթեր կազմելուց, իսկ կոնֆլիկտը թեժացավ, երբ հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի տարբեր քաղաքներում, այնուհետեւ մայրաքաղաք Բաքվում։ Մոսկվան ԽՍՀՄ օրոք անվերապահորեն սատարում էր Ադրբեջանի կոմունիստ-ջարդարարներին քաղաքականապես, իսկ ռուսական/սովետական զորքերն անմիջականորեն իրականացնում էին հայաբնակ գյուղերի տեղահանությունը՝ մինչեւ Չարիքի կայսրության վախճանը, իսկ «դեմոկրատ» Ելցինի իշխանության տարիներին հայ եւ չեչեն ժողովուրդների դահիճ Շամանովի հրամանատարությամբ ռուսական զորքերի գործողություններն էին, որոնք հայկական կողմին կորուստ պատճառեցին, իսկ Հայաստանը եւ Արցախը լուծեցին անվտանգության խնդիրը՝ ի հեճուկս Մոսկվայի։ Ռուսական զինամատակարարումներն էլ ուղղված էին Մոսկվայի ջախջախված ռենոմեի վերականգնմանը, ոչ թե որովհետեւ «հայերին շատ էին սիրում»։ Սա է իրողությունը, որքան էլ որ դա հավաքական Զորի Բալայանի սրտովը չէ։
Նոր իշխանությունը հռչակեց, որ աշխարհաքաղաքական ռեւերսներ չեն լինելու։ Հասկանալի է, երկու տասնամյակ այս ճահճում երկիրը խեղդելուց հետո ռեւերսներ սպասելն իրատեսական չէ։ Բայց խոսվում է երկրի ինքնիշխանության պաշտպանության մասին, նախարարների երդումն էլ նույն պարտավորությունն է պարունակում։ Հիմա սա մեր անվտանգության եւ ինքնիշխանության շահերի՞ց է բխում։
Նոր իշխանությունն ասում է, որ Հայաստանը չի լինելու ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, ոչ ամերիկամետ, բայց ոչ էլ հակառուսական, հակաեվրոպական եւ հակաամերիկյան։ Ասենք, դա այդպես է։ Բայց ինչո՞վ բացատրենք այս ակնհայտ ռուսամետ եւ հակաարեւմտյան քվեարկությունը, որը բացի ամեն ինչից՝ նաեւ հակավրացական է, հակամոլդովական եւ հակաուկրաինական, ընդ որում՝ միանգամայն անիմաստ եւ վնասակար հենց Հայաստանի համար։ Անվտանգության անունը չտա՛ք, այստեղ չկա անվտանգություն, այլ կա միայն վտանգ, որովհետեւ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան շատ կարեւոր գործընկերներ են Հայաստանի համար «Արեւելյան Գործընկերության» շրջանակներում, Վրաստանը մեր ամենահուսալի հարեւանն է, իսկ Ուկրաինայում ապրում է Եվրոպայում իր թվաքանակով երկրորդ հայկական համայնքը։ Իսկ Մերձդնեստրի մաքսանենգության որջը, որն այդպիսին մնում է միայն ռուսական զորքերի ներկայության շնորհիվ, խորհրդային կարգախոսների ծխածածկույթի ներքո կրիմինալի եւ կոռուպցիայի, փողերի լվացման գլխավոր աղբյուրն է տարածաշրջանում, «կոշիկի միջի քարը» Ուկրաինայի եւ Մոլդովայի համար։ Եվ այդտեղից ռուսական զորքերի դուրսբերմանը Երեւանը դե՞մ է, ինչո՞ւ։ Հարցը հռետորական է, մանավանդ հետհեղափոխական Հայաստանի համատեքստում։
Ըստ ամենայնի, հետխորհրդային երկրներում Հայաստանի քաղաքականությամբ շարունակում են զբաղվել տարբեր տրամաչափի «ժուչոկներ», որոնք շարունակում են իրենց խնդիրները լուծել։ Հակառակ դեպքում առաջին պաշտոնական այցը Վրաստան կատարած Նիկոլ Փաշինյանը, ինչպես կարելի է պատկերացնել, այդ քվեարկությամբ հաստատ չէր ուզենա ցրել այն աննախադեպ դրական մթնոլորտը, որը տիրում էր այդ օրերին։ Բայց բարդ չէ պատկերացնելը, որ այդ մթնոլորտը հեշտությամբ կարող է ցրվել։ Դրա հետ մեկտեղ՝ սա եւս մի «փաստարկ» է հօգուտ Ադրբեջանի, որը ջանք չի խնայում խցկվելու Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ նույն ձեւաչափերի մեջ, որպեսզի իր «տարածքային ամբողջականության» թեզն առաջ տանի։ Իսկ Հայաստանի շահերից ոչ թե սա է բխում, այլ երկրների չեզոք դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Իսկ Հայաստանի նոր իշխանությունները, ըստ ամենայնի, պետք է մաքրեն դիվանագիտության Ավգյան ախոռները եւ կրկին հաշվարկեն բոլոր քայլերի հետեւանքները։ Մանավանդ, ադրբեջանական հիպերակտիվությունը դիմակայության գծի վրա ուղղակի պահանջում է նոր քաղաքականություն։ Իսկ ռուսական «շնորհակալությունը» երկար սպասել չտվեց. «դաշնակից» Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վոլոդինը Բաքվում հայտարարեց, որ «Ադրբեջանը միշտ ունեցել է ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք հույս ունենք, որ դա կլինի նաեւ հետագայում»։
Ավելացնելու բան կա՞։ Փորձե՛ք։ Բայց Հայաստանի հեղինակությունը երկու ռուսական կոպեկի մի՛ հավասարեցրեք։ Հաստատապես, քվեարկությանը չմասնակցելը կամ ձեռնպահ քվեարկելը «սեպ չի խրի» հայ-ռուսական «դարավոր բարեկամության» ներկայիս վիճակի մեջ։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
26.06.2018
Երբ Փաշինյանը բազմիցս (թե՛ լրագրողների առջև և թե՛ Պուտինի հետ հանդիպմանը) հայտարարում էր, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի փոխվելու՝ դա պիտի չնշանակե՞ր, որ իր կառավարության ներկայացուցիչը ՄԱԿ-ում քվեարկելու է այնպես, ինչպես իր նախորդներինը: