Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները արդեն չորս օր է՝ փակել են գյուղի կենտրոնական փողոցը և պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Արշալույսցիները մտադիր են ճանապարհը փակված պահել, մինչև գյուղապետը չկատարի իրենց պահանջը: Զարզանդ Գրիգորյանը Արշալույսի գյուղապետ է 2008 թվականից, վերջին անգամ վերընտրվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին, ստանալով 1066 ձայն, նրա միակ մրցակիցը ստացել էր 564 ձայն:
Զարզանդ Գրիգորյանի հրաժարականն են պահանջում անգամ նրանք, ովքեր երեք ընտրություն անընդմեջ քվեարկել են նրա օգտին: Գրիգորյանի հրաժարականի պահանջը նրանք հիմնավորում են երկրում տեղի ունեցած հեղափոխությամբ: «Երբ մեր գյուղի երիտասարդները փորձում էին հավաքվել գյուղի կենտրոնում և երթով գնալ դեպի Երևան՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը, Զարզանդ Գրիգորյանը սպառնում էր հաշվեհարդար տեսնել մեզ հետ: Երբ Հայաստանի բոլոր գյուղերում դասադուլներ էին կազմակերպվում, և դպրոցականները այդ ձևով միանում էին համաժողովրդական պայքարին, Զարզանդ Գրիգորյանը քաշքշում էր դպրոցական երեխաներին և անգամ աղջիկներին: Ամբողջ երկիրը ազատվում է Հանրապետականի լծից, բոլոր քաղաքներում և գյուղերում հանրապետական քաղաքապետները և գյուղապետները հրաժարական են ներկայացնում, ինչու պետք է մեր գյուղը մնա ՀՀԿ-ի տիրապետության տակ»,- ասում են արշալույսցիները:
Արշալույսցիները ասում են, որ իրենք ուզում են ազատվել գյուղը բաժանող կլանային մտածելակերպից: Գյուղը բաժանել էին մանվելականների ու հրանտականների (խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մասին է, որը Զարզանդ Գրիգորյանի եղբայրն է): Մարդկանց իրար դեմ էին հանել, ով գյուղապետին չի ընտրել, նրա թշնամին է, ով Մանվել Գրիգորյանի մոտ է աշխատում թշնամի է: «Մանվելի ու նրա եղբոր տղաների ժամանակը անցել է, մեր գյուղին պետք է նոր և երիտասարդ գյուղապետ, որը ոչ մի կլանից չի լինի, ով բոլոր գյուղացիներին կնայի հավասար աչքով, չեն լինի մանվելականներ ու հրանտականներ»,- ասում են բողոքողները:
Ավետիս Բաբաջանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում