Չնայած Հանրային ծառայությունների սակագների չհիմնավորված բարձր լինելու վերաբերյալ իշխանության եկած քաղաքական ուժերի նախկին բազմաթիվ հայտարարություններին, այնուհանդերձ կառավարությունն այդպես էլ չի կարողանում հիմքեր գտնել դրանց նվազեցման համար։
Գնահատականները, որ էներգակիրների սակագները կարելի է իջեցնել մինչեւ 25-50 տոկոսով, չեն արդարանում։ Պատահական չէ, որ կազմակերպված նախնական քննարկումներից հետո կառավարությունը կարծես հրաժարվել է այդ մտքից՝ հույսը դնելով սեփականատերերի, այսպես ասած, բարի կամքի դրսեւորման վրա։
Ակնհայտ է, որ հանրային ծառայությունների սակագները նվազեցնելն այնքան էլ դյուրին խնդիր չէ, եւ առաջիկայում նման բան, կարելի է ասել, չի սպասվում։ Իսկ հասարակության աչքին թոզ փչելու համար սոցիալական անապահով խավի համար կկիրառվի փոխհատուցման որոշակի մեխանիզմ։ Դա կարվի սեփականատերերի հաշվին։
Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ոլորտում գործող ընկերությունները նախկինում նման առատաձեռնություն չէին ցուցաբերում, միայն հիմա հիշեցին իրենց սոցիալական պատասխանատու կառույց լինելու մասին։ Իրականում նախկինում եւս նման մոտեցում կիրառվել է, այնպես որ առաջարկվող մեխանիզմը նոր չէ։
Հիշեցնենք, որ ժամանակին բաշխիչ ցանցերի սեփականատերը՝ ի դեմս «Տաշիր» խմբի, որոշեց կառավարության հետ համատեղ ստանձնել էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պատասխանատվությունը։ Այն ժամանակ դա առնչվում էր ավելի քան 600 հազար սպառողի, ովքեր ստացան 7 մլրդ դրամից ավելի փոխհատուցում։ Ուղիղ կեսը հատկացրեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
Այժմ փոխհատուցում ստացողների շրջանակը ավելի նեղ է։ Դրանից կօգտվեն միայն անապահովները։
Խոսքը շուրջ 120 հազար սպառողի մասին է, որոնց համար բաշխիչ ցանցերի սեփականատերն առաջարկում է 10 դրամով ստանձնել ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի բեռը։ Այսինքն՝ սակագինը կմնա նույնը, բայց դրա մի մասը՝ ի հաշիվ ընկերության եկամուտների, պարզապես չի գանձվի։
Մոտավոր հաշվարկներով, դա սեփականատիրոջ վրա կնստի ամսական շուրջ 200 մլն դրամ։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում