Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսը հիմա հանգիստ կարող է ասել, որ ինքը Հայաստանի նոր հանրապետության ազնիվ ու շիտակ քաղաքացի է. «Իրատես»

Հունիս 26,2018 11:09

Հաշվեք ու իրար գումարեք մայիսի 8-ից հետո խուզարկված կամ ձերբակալված ու կալանավորված, ձերբակալված ու ազատ արձակված բոլոր «կոռուպցիոներների» գործերով պետությանը պատճառված վնասը: Մոտավորապես: 6 միլիա՞րդ: Որից 1,5 միլիարդը վերադարձվել է պետությանը: Հետո՞: Կա՞ վստահություն, որ այդ կոռուպցիան հնչեղ ու հայտնի անուններով մարդկանց հոբբին էր ու հենց հիմա շարքային ու անանուն կոռուպցիոներները, օգտվելով իրենց անուն-ազգանունների հասարակությանը ոչինչ չասելու փաստից, չեն շարունակում յուրացնել պետության գումարները, կաշառք տալ ու ստանալ` անօրինական ինչ-որ ծառայության դիմաց: Պետական պարտքը նվազե՞ց: Քանի՞ մարդու աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացան: Քանի՞ աշխատատեղ ստեղծվեց Հայաստանում մայիսի 8-ից հետո, ի՞նչ նախադրյալներ ստեղծվեցին, որ այս կամ այն ձեռնարկությունը սկսելու է գործել` քաղաքական որոշումով ու տնտեսական անհրաժեշտությունից դրդված:

Հասկացանք, որ արտահերթ ընտրությունները քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրն են, բայց նույնիսկ ընտրությունները հարց չեն լուծում ու ելք չեն ճգնաժամից: Ընտրությունները իշխանություն ձևավորելու միջոց են: Պատկերացրեք` երեկ էին ընտրությունները, ու այսօր ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանը ձևավորում է նոր կառավարություն` ի՞նչ անելու համար:

Կոռուպցիայի դեմ այսօրվա պայքարով ընտրակեղծարարության ռեսուրսի նվազեցման հարց է լուծվում միայն: Նույնը` քրեական հեղինակությունների ձերբակալություններով: Ճիշտ է արվում` ընտրությունը ընտրողի ու ընտրվողի գործն է, ու միջնորդ պետք չէ, բայց հետո՞: Ընտրվելուց ու ընտրելուց հետո ի՞նչ է լինելու: Այսօր մեզ մատուցվում է «զվարճանքը» զգայական նոտաներ խաղարկելով, հասարակության «արյան» ծարավը հագեցնելով:

Գուցե քչերն են նկատում, որ հընթացս այդ մարդիկ նաև «մաքրվում» են: Օրինակ` Շմայսը հիմա հանգիստ կարող է ասել, որ ինքը Հայաստանի նոր հանրապետության ազնիվ ու շիտակ քաղաքացի է` շատ կուլտուրական ներխուժեցին իր տուն, իրեն տարան, ապօրինի զենքը իր ձեռքով հանձնեց ու ազատ արձակեցին: Խնդի՞ր կա իր հետ: Դրանով Շմայսը դադարե՞ց Շմայս լինե՞լ: Օրենքի առաջ` այո: Շոուն ստացվում է, բայց երբ ամեն օր քաղցրավենիք ես ուտում, կարոտում ես ալյուրով, ջրով ու աղով թխված հացին:

Ձանձրացնում է` բոլոր տեղեկատվական ծրագրերը 02 են դարձել: Ո՞վ ու ե՞րբ պիտի ՀՀ շարքային քաղաքացուն օնլայն կամ տետատետ ասի` ի՞նչ է կառավարությունն անում կոնկրետ իր ու Հայաստանի զարգացման համար: Հանրամատչելի բացատրի` ի՞նչ պետություն է լինելու Հայաստանը, ի՞նչ տնտեսություն է ունենալու, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու: Միջին վիճակագրական հայի համար, որ նաև գրպանում քամի ունի, կարևորը նախկին ու ներկա այս ու այն պատգամավորի, նախկին ու ներկա նախարարի ու պաշտոնյայի մութ անցյալը չէ, այլ իր լուսավոր ապագան, ու նա եթե ոչ այսօր ու հիմա, վաղը ու այստեղ հարց է տալու` եթե դուք ամրապնդում եք ձեր իշխանության վերարտադրության ռեսուրսները, ինձ ե՞րբ եք հիշելու, ինձ, որ ձեր խոսքով` իշխանության տերն եմ: Ես ի՞նչ ունեմ հեղափոխությունից, որ ես եմ արել` ձեր խոսքով:

Կրկնում եմ` արտահերթ ընտրությունները միջոց են, բայց ոչ նպատակ: Իսկ նպատակը չի ձևակերպվում ու չի բացատրվում: Մի՞թե հեղափոխության ամբողջ առաքելությունը Սերժ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինելն էր: Լավ, վստահության անսպառ պաշար ունեցող նոր իշխանությունը հեռանկարի, հույսի ու ապագայի համար որևէ քայլ արե՞լ է: «Ժամանակը քիչ էր», «Ժամանակի մեջ կերևա»` սոփեստություն է: Նույնիսկ ամենացնցող կամ ամենաշքեղ շոուից հետո, մեկ է, սովածանում ես և ուտել ես ուզում: Իսկ հացի խնդիրը մնում է նույնը, նույնիսկ եթե բոլոր պատգամավորներին կալանավորեն: Շոկ չի լինելու` ընտելանում ես, առօրյա է դառնում` դիմակավոր անձինք, հատուկ գործողություններ, խուզարկություններ, գումարների, գողացված ապրանքների հայտնաբերում, յուրացումներ, հարկերից խուսափում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930