Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքականությամբ զբաղվելն անձնական որոշում է

Հունիս 26,2018 10:04

Դերասան Հայկ Մարությանի՝ իշխող կուսակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագրին», անդամագրվելը եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը, իմ կարծիքով, տարօրինակ արձագանք գտավ: Թե՛ կուսակցական դառնալու եւ թե՛ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը ամեն քաղաքացու անօտարելի իրավունքն է, նրա ընտրությունը:

Հիշում եմ, երբ տարիներ առաջ նախորդ իշխող կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, անդամագրվեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ ռեժիսոր Արա Երնջակյանը, աղմուկը դարձյալ շատ մեծ էր: Բայց դա այդ մարդկանց որոշումն է, որը ողջունելը կամ դատապարտելն ինձ այնքան էլ իմաստալից չեն թվում:

Տարբերությունն էլ է շոշափելի՝ Ամիրխանյանն ու Երնջակյանը հենց սկզբից գնում էին «տաքուկ», նոմենկլատուրային ճանապարհով: Հայկ Մարությանը հեղափոխության ժամանակ Փաշինյանի հետ բարիկադ էր բարձրացել եւ, այդպիսով, կարծում եմ, որպես քաղաքացի ավելի մեծ հարգանքի է արժանի: Սակայն ինչպիսի քաղաքացիական դիրք էլ ունենան վերը նշված կոմպոզիտորը, ռեժիսորը եւ դերասանը, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու նրանց տաղանդը:

Կան մարդիկ, որոնք ապրում են քաղաքականությամբ, պայքարի մեջ են, հարվածներ եւ հակահարվածներ են հասցնում հակառակորդներին, ծաղրում են, «բարոյապես ոչնչացնում են» նրանց եւ այլն՝ այդպես են նրանք պատկերացնում իրենց կյանքը, իրենց ծառայությունը հայրենիքին, պետությանը: Եվ այդ դիրքորոշումը նույնպես, կարծում եմ, հարգանքի է արժանի:

Ուրիշ հարց, որ կարելի է դարձյալ օգտակար լինել հայրենիքին ու պետությանը՝ չմասնակցելով քաղաքական գործընթացներին: Օրինակ՝ երբ որեւէ միջավայրում սկսում են խոսել քաղաքականությունից (Նիկոլն այսպես, Սերժն այնպես), ես զգում եմ, որ աշխատանքից դուրս ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում: Ես անգամ ցավ եմ ապրում, երբ մարդիկ հավաքվում են, ասենք, երեխայի ծննդյան օրը նշելու եւ փոխանակ ուրախանան, սկսում են խոսել ազգի դարդերից, վերջին քաղաքական անցքերից եւ այս կամ այն մարդու միլիոններից: Բայց դա, ի վերջո, իրենց գործն է՝ դա՛ է իրենց հետաքրքրում, դրա՛ մասին է, որ նրանք ցանկություն ունեն դիրքորոշում հայտնելու:

Այնպես որ, բարի երթ մաղթենք տաղանդավոր դերասան Հայկ Մարությանին, եւ եթե նա իսկապես ցանկանում է Երեւանի քաղաքապետ դառնալ, թող դա էլ որոշեն մայրաքաղաքի բնակիչները:

Քաղաքականությամբ զբաղվելը կամ չզբաղվելը ճաշակի, անձնական նախասիրությունների խնդիր է: Ես, օրինակ, կանաչ լոբի չեմ սիրում: Բայց իմ մտքով չի անցնում խստորեն դատապարտել բոլոր կանաչ լոբի սիրողներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Էլի ասեմ, սուրբ տեղը դատարկ չի մնում, քանակը որակ է ստեղծում, երբ լավագույն մտավորականությունը քաղաքականությունը համարում էր կեղտոտ գործ, իսկ պետական պաշտոն զբաղեցնելը՝ աթոռակռիվ, էդ սուրբ տեղը գրավեցին դրսից հեշտությամբ ղեկավարվող մեր լուսանցքային անմակարդակ ոչմասնագետ ՝գործիչները՝, որոնք պատուհաս դարձան սկզբից ժողովրդի համար, հետո էլ իրենց ու իրենց ընտանիքների համար, իսկ գլխավոր մեղավորը, որը սադրեց մեր ոչմասնագետ լուսանցքայիններին հակահայկական քայլերի՝ դա մեր լավագույն մտավորականությունն էր՝ իր քաղքենիական ՝քաղաքականությունը կեղտոտ գործ է՝ կարգախոսով, այնպես որ, եթե `քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը ամեն քաղաքացու անօտարելի իրավունքն է`, ապա քաղաքականությամբ անընդմեջ զբաղվելը մեր մտավորականության պարտականությունն է:

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Օրինակ՝ երբ որեւէ միջավայրում սկսում են խոսել քաղաքականությունից (Նիկոլն այսպես, Սերժն այնպես), ես զգում եմ, որ աշխատանքից դուրս ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում: ==
    Հարց. Ովքե՞ր արեցին թավշյա հեղափոխությունը, նրա՞նք, ովքեր աշխատանքից դուրս քաղաքականությամբ բացարձակապես հետաքրքրված չէի՞ն, թե նրանք, ովքեր գիշեր-ցերեկ երկրին պատուհասած արհավիրքի ակունքների և դրսևորումների մասին էին բանավիճում: Այսօր, երբ, Սերժ Սարգսյանի կիրառած կադրերի լայնամասշտաբ հաճախորդացման արդյունքում կարող մի հսկայական զանգված ՛՛փչացվեց՛՛, կարելի է աել՝ կադրային սով է առաջացել երկրում, յուրաքանչյուր ազնիվ և ստեղծագործ անհատ իրոք՝ ոսկու գին ունի: Ինչ վերաբերում է մասնագիտական կարիերայի կտրուկ փոփոխությանը, ապա բերեմ ընդամենը այս պահին հիշածս երկու օրինակները. Ռոնալդ Ռեյգան և Առնոլդ Շվարցենեգեր…

  3. Artur Lazarian says:

    Կուսակցական լինելը եւ քաղաքականութեամբ զբաղուելը բնաւ պախարակելի չեն: Նոյն յաջողութեամբ Արամ Աբրահամեանը կարող է առաջադրուել Զովունիի գիւղապետի թեկնածու: Եւ եթէ նա իսկապէս ցանկանայ Զովունիի գիւղապետ դառնալ, թող դա էլ որոշեն գիւղի բնակիչները:

    (գրեմ #կատակ, որ մարդիկ լուրջ չընդունեն):

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Բայց իմ գրածը հենց այն է, որ քաղաքականությամբ զբաղվելը շատ նորմալ եւ բնականոն ցանկություն է: Մեկնաբանողներն ինձ հետ վիճում են, կարծես ես հակառակն եմ ասում:

  5. մարդամեկ says:

    Ինչպես հանրահայտ «նվագախմբի տղաները» ֆիլմում էր ասվում , « Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» (: (: (:

  6. Ruben says:

    Դերասանությունը քաղաքական գործչի գլխավոր ուժն է ու առանձնահատկությունը:
    Ցավոք երկիրը պետական գործիչները չեն ղեկավարել ու չեն ղեկավարում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930