ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մշտական հանձնաժողովն այսօր ընդունել է «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցը։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2009 թվականի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա, մշակել հստակ գործողությունների ծրագիր, պահպանել զինադադարը, նվազեցնել լարվածությունը շփման գծում և իրականացնել վստահության վերականգնման միջոցառումներ։