Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հնարավո՞ր է հուսալի թոշակային համակարգ

Հունիս 25,2018 21:03

Կենսաթոշակային համակարգի անխափան աշխատանքը այսօր դիտվում է, որպես տվյալ երկրի զարգացվածության եւ բնակչության բարեկեցության ցուցիչ։ Այնուամենայնիվ պարբերաբար տարբեր երկրներում ստեղծվում են ճգնաժամային իրավիճակներ կապված կենսաթոշակների հետ։ Եւ մեր երկիրը միակը չէ, որ դժվարությունների է բախվում կենսաթոշակների վճարման ընթացքում։ Այսօր լրջագույն խնդիրներ կան նույնիսկ ԱՄՆ կենսաթոշակային համակարգում («բեբի-բումերների» խնդիրը)։ Բնակչությունը պահանջում է լուծել խնդիրները, իշխանությունները խոստանում է են լուծել դրանք, սակայն գրեթե ոչ ոք հարց չի տալիս․ իսկ արդյոք ինչո՞ւ պետք է առհասարակ գոյություն ունենա ՀԱՄԱՏԱՐԱԾ կենսաթոշակային համակարգ։ Մինչդեռ խնդիրն անաչառորեն քննելու դեպքում պարզ կդառնա, որ ներկայումս տարբեր երկրներում գործող կենսաթոշակների համակարգը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլեւ այն ներկայանում է, որպես ժամանակակից աշխարհի ամենաստոր եւ ամենաարատավոր երեւույթներից մեկը, որից իրեն հարգող, արժանապատիվ ցանկացած հասարակություն պետք է օր առաջ հրաժարվի։

Այդ բանը հասկանալու համար փորձենք տեսնել այդ երեւույթի էությունը։ Թոշակային համակարգեր եղել են հնագույն ժամանակներից ի վեր, սակայն դրանք ընդգրկել են քաղաքացիների սահմանափակ խմբեր։ Թոշակներ են վճարվել նախկին զինվորականներին, պետական պաշտոնյաներին եւ այլն։ Համաընդգրկուն թոշակային համակարգերը սկսել են ձեւավորվել միայն վերջին մեկ դարի ընթացքում։ Թերեւս առաջին անգամ նման համակարգի ստեղծման փորձ արվել է 1889 թվականին՝ Գերմանիայում՝ Օտտո ֆոն Բիսմարկի օրոք։ Թեեւ այն ժամանակ կենսաթոշակային տարիքը 70 էր՝ կյանքի բավական ցածր միջին տեւողության պայմաններում։ Այդ իսկ պատճառով, այն նույնպես առանձնապես մեծ ընդգրկում չուներ։

Փաստորեն այսօրվա տեսքով կենսաթոշակային համակարգերը սկսել են ձեւավորվել միայն Երկրորդ աշխարհամարտից հետո եւ ունեն սոսկ քաղաքական-քարոզչական իմաստ, որը բխում է ժամանակակից երկրների զգալի մասի իշխանությունների ընտրովի (կամ, իբր թե ընտրովի) լինելու կարգից․ որպես քաղաքական գործիչների՝ ժողովրդի վիճակը բարելավելուն ուղղված բազմաթիվ խոստումներից մեկը։ Որեւէ մարդասիրական, հայրենասիրական կամ տնտեսական իմաստ, որը փորձում են նրան վերագրել, այն իրականում չունի։

Իրոք, ինչպե՞ս է աշխատում ժամանակակից թոշակային համակարգը․ երիտասարդներից գանձվում է որոշակի նպատակային հարկ՝ հօգուտ տարեցների, այն պայմանով, որ ծերանալուց հետո իրենց օգտին հարկ կգանձվի երիտասարդ սերունդներից։ Այդքան բան։ Այդ դեպքում հարցեր են առաջանում։

Ինչո՞ւ յուրաքանչյուր երիտասարդ չի կարող պարզապես մի որոշակի գումար ետ գցել, խնայել (անձնական պահարանում, կամ բանկային հաշվի վրա) եւ օգտագործել, երբ ծերանա։ Հավանաբար, իշխանությունները չեն վստահում իրենց անգիտակից համաքաղաքացիներին․ երիտասարդները կարող են անհեռատեսորեն ծախսել իրենց գումարները եւ ծերության տարիքին հասնել առանց խնայողությունների եւ հետո օգնություն պահանջել պետությունից։ Սրան կարելի է պատասխանել, որ դրանք, ի վերջո, ԻՐԵ՛ՆՑ վաստակած գումարներն են եւ ԻՐԵ՛ՆՑ ընտրությունը՝ երբ ծախսել ԻՐԵ՛ՆՑ գումարները, իսկ պետությունը հետո բարոյական բոլոր իրավունքները ունի մերժելու անհեռատես նախկին երիտասարդ քաղաքացիների նկրտումները։

Եթե թոշակների աղբյուրը այսպես թե այնպես երիտասարդների աշխատանքն է, ապա ինչո՞ւ չեն կարող երիտասարդները պարզապես հոգ տանել իրենց տարեց հարազատների մասին, առանց միջնորդի, ի դեմս պետության։ Որն էլ, ավելացնենք, հետո իր միջնորդավճարն է պահում, որից գոյանում են «թոշակային հիմնադրամներ», դրանց անձնակազմի ձրիակեր ոհմակով հանդերձ։ Առարկությանը, թե կան մարդիկ, ովքեր չունեն կերակրողներ կարելի է պատասխանել, որ ավելի հեշտ է քաղաքացիների հատկապես ա՛յդ խմբի համար ստեղծել այլ սկզբունքով գործող թոշակային համակարգ, քան թե պահել համատարած թոշակայինը։ Հատկապես, որ, ինչ էլ լինի, նման մարդկանց տոկոսը շատ ավելի փոքր կլինի, քան «թոշակային տարիքի» հասածների թիվը։

Սակայն եթե թոշակային համակարգերը անխափան գործեին գուցե հնարավոր լիներ հաշտվել պետության կողմից քաղաքացիներից այդ «մարդասիրական» գանձումների հետ։ Սակայն փաստն այն է, որ ՈՉ ՄԻ երկրի թոշակային համակարգ անխափան չի գործում, եւ դա հուշում է, որ պատճառը ոչ թե այդ գաղափարի իրագործման որակի մեջ է, այլ այդ երեւույթի բնույթի մեջ։

Իրոք, որպեսզի այն անձինք, ովքեր իրենց երիտասարդ տարիների ընթացքում պարտաճանաչ վճարումներ են կատարել թոշակային հիմնադրամներ (անկախ դրանց կազմակերպման ձեւերից) ետ ստանան իրենց այդ գումարները թոշակի տեսքով անհրաժեշտ է, որ տասնամյակներ անց տվյալ երկրի տնտեսությունը եւ ժողովրդագրությունը լինեն առնվազն նույն վիճակում, որը եղել է իրենց երիտասարդության տարիներին։ Սակայն դա գրեթե անհնար է ապահովել, քանի որ ցանկացած երկրի տնտեսություն տարբեր փուլերում տարբեր վիճակի է լինում․ երբեմն՝ աճում է, երբեմն՝ նվազում, երբեմն՝ տեղում դոփում (Նկատենք, որ, իրատես տնտեսագետների կարծիքով, տեսանելի ապագայում համաշխարհային տնտեսությունը շարունակելու է ճգնաժամի վիճակում մնալ)։ Ստացվում է, որ եթե երիտասարդ տարիներին մարդն ապրել է զարգացող տնտեսության փուլում, իսկ ծերության տարիներին երկրում տնտեսական անկում է, ապա նրան չեն կարողանա վճարել իրեն հասանելիք (խոստացված) գումարները․ կամ դրանք պետք է բռնագանձվեն տնտեսության այլ ոլորտներից, կամ ավելացվեն երիտասարդների վճարումները թոշակային հիմնադրամներին, ինչը կբերի առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսության հետագա վատթարացմանը։ Կամ էլ պետք է բարձրացվի թոշակային տարիքը, ինչը փաստացիորեն նույնպես նշանակում է խոստումների խախտում, եւ ինչն էլ պարբերաբար արվում է։ Բայց ինչո՞ւ պետք է նոր սերունդները տուժեն միայն այն պատճառով, որ տարիներ առաջ ինչ-որ քաղաքական գործիչներ սեփական խնդիրները լուծելու եւ իշխանության հասնելու համար խոստումներ են տվել իրենց հայրենակիցներին։

Կամ հարցի մեկ այլ կողմ եւս․ ի վերջո մարդը բավական նուրբ էակ է ու երբեմն չի հասնում թոշակային տարիքի։ Ստացվում է, որ իրեն հասանելիք գումարները նա այլեւս չի ստանում եւ դրանք ստանում են բոլորովին այլ մարդիկ։ Ինչպես պատերազմում․ հաղթանակը վայելում է ողջ մնացածը։ Բայց դա պատերազմ է․ մահվան գնացողը գիտակցում է, որ կյանքը տալիս է թշնամու դեմ պայքարում եւ հանուն հայրենիքի, հանուն իր հարազատների։ Իսկ խաղաղ պայմաններում մարդը ինչո՞ւ պետք է բառի բուն իմաստով կողոպտվի։ Ո՞րն է այն թշնամին, որը նրան կողոպտել է։ Արդյո՞ք դա հենց այն քաղաքական գործիչը չէ՞, որ իր միամիտ ընտրողին խոստացել էր թոշակ վճարել։

Ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ խորհրդային վերջին տարիներին թոշակի անցնողներից շատերը ակնկալում էին ստանալ 120 ռուբլի թոշակ։ Ինչպես էին նրանք բազում դռներ թակում, տարբեր մանր եւ մեծ պաշտոնյաների առաջ ստորանում, հավաքելու համար անհրաժեշտ փաստաթղթերը գոնե մի քանի ռուբլով ավելի բարձր թոշակ ստանալու ակնկալիքով։ Եւ ո՞ւր են հիմա այդ թոշակները։ Այն տարիներին նույնիսկ պաշտոնապես 1 դոլարը արժեր մոտ 0.7 ռուբլի։ Հետեւապես այսօր նրանք պետք է ստանային գոնե 180 դոլար, այսինքն մոտ 90 հազար դրամ։ Քանի՞ հոգի է այսօր ստանում այդ չափի թոշակ։ Սակայն եթե հիշենք, որ անցած 30 տարիների ընթացքում դոլարը նույնպես արժեզրկվել է, ապա այսօր այդ թոշակը պետք էլ ավելի մեծ լիներ։ Իրոք, վերցնենք կարագի փոխարժեքը։ Խորհրդային տարիներին այն արժեր 3.6 ռուբլի։ Այսօր այն արժի մոտ 3600 դրամ․ այսինքն ըստ այս փոխարժեքի մեկ խորհրդային ռուբլին արժի 1000 դրամ։ Երեւան — Մոսկվա ինքնաթիռի տոմսն արժեր 40 ռուբլի, այսօր՝ 40 հազար դրամ եւ ավելին․ կրկին 1 ռուբլին ավելի քան 1000 դրամ է։ Միսը արժեր մոտ 2 ռուբլի այսօր մոտ 4000, հետեւապես մսի փոխարժեքով 1 խորհրդային ռուբլին շուրջ 2000 դրամ է։ Այսինքն, որպեսզի խորհրդային տարիներին թոշակի անցածները խաբված չլինեին այսօր նրանք պետք է ստանային 120-ից 240 հազար դրամ։ Այնինչ այսօր նույնիսկ աշխատողներից շատերն են ստանում հազիվ 60 հազար, էլ ինչպե՞ս կարող են չաշխատողները ստանալ դրանից 2 — 4 անգամ ավելի մեծ թոշակ։

Եւ պետք է չէ վկայակոչել «անհաղթահարելի ուժերը»՝ պատերազմները եւ պետությունների կործանումները․ ակնհայտ է, որ պատերազմներից, ճգնաժամերից, հեղաշրջումներից ոչ ոք երաշխավորված չէ, եւ խոստում տվողները պետք է որ դա գիտակցեն։ Այսօր քիչ երկրներ կան (Շվեդիա, Շվեյցարիա, գուցե եւս մեկ-երկուսը), որոնք վերջին 2 դարում պատերազմներ չեն տեսել։ Պատերազմներ չէ, գոնե լուրջ քաղաքական ցնցումներ (դեռ չհաշված բնական աղետները՝ երկրաշարժները, երաշտները), որոնք կտրուկ փոխում են ցանկացած երկրի տնտեսական վիճակը, լինում են առնվազն մի քանի տասնամյակը մեկ։ Այս պայմաններում հուսալ, թե թոշակի անցնելուց կստանան այն, ինչ իրենց խոստացել են, կարող են միայն անուղղելի միամիտները, իսկ խոստանալ դա՝ միայն պրոֆեսիոնալ տականքները։

Այժմ խոսենք թոշակային համակարգի բացասական այնպիսի հետեւանքների մասին, որոնք սովորաբար չեն էլ նկատվում։ Թոշակային համակարգի գոյության հետեւանքներից մեկն այն է, որ խեղվում են հարաբերություններն ընտանիքներում։ Իրոք, եթե ընտանիքի մեծերը թոշակ են ստանում, ապա ինչո՞ւ նրանց մասին առհասարակ պետք է հոգ տանեն զավակները։ Մյուս կողմից, իմանալով, որ ծերության տարիքում թոշակ են ստանալու, երիտասարդները նախընտրում են ընտանիքներ չկազմել, կամ էլ, կազմելու դեպքում՝ երեխաներ չունենալ․ ապրել, այսպես ասած, «չայլդ-Ֆրի»․ հայերեն ասած (որքան էլ դա զարհուրելի է)՝ երեխաներից ազատ, կամ՝ զերծ։ Մեր օրերում հաճախ կարելի է լսել․ երեխաները միջոցների եւ ուժերի ծախս են պահանջում, խանգարում են ապրել։ Պատկերացնո՞ւմ եք «խանգարում են ապրել»։ Մեկը հարցնող լինի․ եթե կյանքն այդքան լավ բան է, որ ուզում ես այն վայլել, ինչո՞ւ չես ցանկանում մեկ այլ էակի էլ դո՛ւ կյանք պարգեւես, որ նա՛ էլ վայելի, ինչպես քե՛զ են կյանք տվել քո՛ ծնողները։ Եւ ահա այս հակաբնական կենսակերպի եւ անբարոյականության պատճառներից մեկը նույն այդ թոշակային համակարգն է․ եթե ծերության հասակում քո ապրուստը ապահովելու է անդեմ պետությունը, էլ ինչի՞դ են երեխաները։

Կրկին վերադառնանք այն հարցին, թե ինչպես պետք է ապրեն տարեցները, թոշակներ չլինելու դեպքում։ Օրինակ, Չինաստանում (նկատենք, որ հեռատես չինացիները թոշակային համընդհանուր համակարգ չեն էլ ստեղծել) դա շատ պարզ է կազմակերպված․ պարզապես հենց օրենքով սահմանված է, որ երեխաները պետք է հոգ տանեն իրենց ծնողների մասին։ Չեմ ասի, թե սա լավագույն լուծումն է․ ամեն ինչ չէ, որ ձեւական օրենքով պետք է լուծվի։ Հայտնի է, որ այն գործարանը (լինի դա ձեռքը, ոտքը, սիրտը եւ այլն), որ չի մարզվում, աստիճանաբար հետ է աճում, թուլանում է․ օրինակ՝ հենակներով քայլողների ոտքերի մկանները։ Տվյալ դեպքում նման օրենքները նույն այդ հենակների դերն են կատարում, որոնք իրենցով փոխարինելով բարոյական օրենքները բերում են վերջիններիս քայքայմանը եւ անբարոյականության հաստատմանը։ Ավելի ճիշտ եւ զորեղ է չգրված օրենքը, որը պախարակում է ծնողների մասին հոգ տանել չցանկացող այլանդակներին, այն օրենքը, որը դեռ գործում է առողջ՝ եւրոպական «արժեքներով» չվարակված հասարակություններում, օրինակ՝ մեզ մոտ, բայց որը աստիճանաբար կվերանա, եթե շարունակեն գործել թոշակային համակարգերի կարգի հաստատությունները, որոնք անիմաստ են դարձնում մարդկանց, այդ թվում եւ ընտանիքի անդամների փոխօգնությունը։

Լավ, կասեն, բա ինչպես պիտի ապրեն այն մեծահասակները, ովքեր կերակրող չունեն։ Սակայն կերակրող չունենալու կամ կորցնելու դեպքում հատուկ թոշակներ կան նաեւ հիմա, եղել են եւ անցյալում, եւ միշտ էլ կարող են լինել։ Բայց դրանք կարող են վճարվել սովորական հարկերից, որոնք գանձվում են պետության կողմից ամենատարբեր պետքերի համար, սկսած ռազմական խնդիրներից, եւ վերջացրած ճանապարհների, պետական կացարանների կառուցումը, առաջին բուժօգնությունը կամ միջնակարգ կրթության կազմակերպումը։ Պարզապես այդ ընդհանուր հարկը մի քիչ կաճի, բայց շատ ավելի քիչ, քան ուտում են թոշակային հիմնադրամները։ Ավելին, այն միտքը, որ քեզնից գանձվող գումարները ծախսվում են նաեւ անօգնականներին օժանդակելու համար, լրացուցիչ բարոյական ամրակ կհանդիսանան հասարակության համար։ Եւ հակառակը, աներեխա լինելը քարոզող անձինք բարոյական օրենքից դուրս կհայտնվեն։

Ուրեմն ի՞նչ։ Անհրաժեշտ է արիություն ունենալ եւ քաղաքական որոշում կայացնել համատարած թոշակային համակարգից հրաժարվելու մասին։ Անհրաժեշտ է ընդունել 15—20 (կամ նույնիսկ ավելի քիչ) տարվա համար նախատեսված ծրագիր, որը կապահովի այդ խաբեական եւ վնասակար համակարգի անցնցում կազմաքանդումը։ Պետք է հայտարարվի, որ սկսած, ասենք, 2030 թվականից տարիքային թոշակ այլեւս չի լինելու եւ քաղաքացիներին չի պարտադրվելու ոչ մի առանձին սոցիալական հարկ, իսկ մինչեւ այդ պահը պետությունը աստիճանաբար նվազեցնելու է հարկային գանձումները մինչեւ դրանց լիակատար դադարեցումը։ Առավել տարեց անձինք, ումից մինչ այժմ գանձումներ արվել են եւ ովքեր թոշակի ակնկալիք ունեին, կստանան այն, իսկ առավել երիտասարդներից վերջին տարիներին գանձված գումարները կվերադարձեն։

Այսինքն սոցիալական հարկը պետք է աստիճանաբար նվազի մինչեւ զրո, բայց ոչ թե թոշակները պետության վրա թողնելու համար, այլ առհասարակ վերացնելու նպատակով։ Պետք է վերջապես հասկանալ, որ համատարած թոշակային համակարգը չի կարող կատարելագործվել, ավելի «հուսալի» դարձվել։ Այն ի բնե անհուսալի է։ Գուցե՝ գեղեցիկ գաղափար է, բայց միամիտ է եւ սկզբունքորեն թերի։ Դա այն գեղեցիկ գաղափարներից մեկն է, որոնցով սալարկված է դժոխքի ճանապարհը։

Ռուբեն Թարումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Լավ է, որ ինչ – որ տարբերակ ունես ու առաջարկում ես, բայց ի՞նչ կարիք կա որպես ,,արգումենտ,, ծաղրել ուրիշներինը, մանավանդ, որ զգացվում է, որ այնքան էլ տեղյակ չեք եվրոպաներից։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930