Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը պահանջել է, որ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բոլոր մասնակիցները վայր դնեն պատգամավորի մանդատը

Հունիս 25,2018 20:15

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում խոսել է ԵԽԽՎ անկախ հետաքննող մարմնի բացահայտած ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի` «ադրբեջանական լվացքատան» մասին և կոչ է արել կոռուպցիոն այդ սկանդալում ներգրավված ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին անհապաղ վայր դնել իրենց մանդատները:

Ն. Զոհրաբյանն ասել է. «Ադրբեջանական լվացքատան բոլոր դերակատարները` մեծ թե փոքր, պետք է լքեն մեր կառույցը, քանզի առաջին հայացքից անգամ ամենափոքր պեդոքիպրիս պրոգենետիկա ձկնիկը ամենաթողության հետևանքով կարող է դառնալ անվերահսկելի շնաձուկ»:

 

Նաիրա Զոհրաբյանն ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ անկախ հետաքննչական մարմնի զեկույցը՝ մեր Վեհաժողովում կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների վերաբերյալ։  219 էջից բաղկացած զեկույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր  ԵԽԽՎ-ում լոբբինգին եւ Վեհաժողովի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի հանցավոր գործարքներին։ Զեկույցում Ադրբեջան անունը  հիշատակվում է 942 անգամ, եւ զեկույցի եզրահանգումը մեկն է՝ տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում գործել է հստակ կոռուպցիոն սխեմա, որտեղ հիմնական դերը վերապահված է եղել ադրբեջանական Լանդրամատին, այսպես կոչված՝ խավիարային դիվանագիտությանը։ Եւ ինչպես իր վկայության մեջ նշել էր  ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը՝ Ադրբեջանը 30 միլիոն եվրոյի կաշառք է տվել ԵԽԽՎ-ում։   Մեր կառույցում Ադրբեջանի օգտին անօրինական գործունեություն ծավալած անձանց մեջ, ըստ զեկույցի, կան ինչպես նախկին, այնպես էլ գործող պատգամավորներ, որոնց պատվավոր ցուցակը գլխավորում էր ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։ Անկախ հանձնաժողովը ներկայացրել էր ԵԽԽՎ պատգամավորների մի մեծ ցանկ, ովքեր տարիներ շարունակ մեր Վեհաժողովը օգտագործել են Ադրբեջանի քաղաքական շահը սպասարկելու եւ այդ երկրում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացները կոծկելու համար, ինչի դիմաց Լանդրամատի սեւ դրամարկղից միլիոնավոր դոլլարներ են ստացել։ Այնուհետեւ, մեր գործընկեր Պետրա Դե Սուտերի ներկայացրած զեկույցը անհերքելի համարեց անկախ հանձնաժողովի  զեկույցում առկա փաստերը Ադրբեջանի մասով  եւ ԵԽԽՎ բյուրոյի հետ միասին  կոչ արեց  ադրբեջանական Լանդրամատի առավել ակտիվ դերակատարներին  անհապաղ վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։ Այս պահին իր մանդատը վայր է դրել միայն Ցեզար Պրեդան։ Լանդրամատի մյուս ակտիվ դերակատարները շարունակում են համառել։ Ուստի, ես կոչ եմ անում Վեհաժողովին՝ հավատարիմ մնալ  իր հռչակած՝ «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» կարգախոսին  եւ պահանջել, որ ադրբեջանական լվացքատան բոլոր մանր եւ մեծ դերակատարները վայր դնեն ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն  Յագլանդը, անդրադառնալով անկախ հետաքննչական մարմնի զեկույցին, հայտարարել էր, որ Պեդրո Ագրամունտը այդ զեկույցի ամենախոշոր ձուկն է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ամենախոշոր, այլ նաեւ ամենափոքր ձկները պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանզի անգամ ամենափոքր՝ պեդոքիպրիս պրոգենետիկա ձկից կարող է աճել մեր կառույցի հեղինակությունը ապականող շնաձուկ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930