Տարոն Մարգարյանի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հիշեցնում է, որ 2013թ. համապատասխան հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին, որը ներկայացվում է ստորեւ:
Դատախազությունը իր 2013թ. մայիսի 22-ի պատասխանում նշել էր, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը եւ «հիշատակված չի որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»:
Այս պատասխանից երեւում է, որ գլխավոր դատախազությունը, խախտելով օրենքի պահանջները, այդ հանցագործությունները կոծկող, հանցավոր անգործություն է դրսեւորել:
Հայ Ազգային Կոնգրեսը հույս է հայտնում, որ փոփոխված իրավիճակում դատախազությունը ավելի լուրջ կվերաբերվի Կոնգրեսի կողմից ներկայացված փաստերին եւ այս անգամ կիրականացնի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունները:
ՀԱԿ գրասենյակ
«ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ,
ՊԱՐՈՆ՝ Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ կուսակցություն
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Հանցագործության կատարման մասին
2005 թվականին Տարոն Անդրանիկի Մարգարյանը, որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա եւ նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ:
2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության եւ եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար։ Բացի այդ, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձեւերով։ Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տ. Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։
Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։
2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաեւ Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 եւ 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։
2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երեւում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաեւ` կրկնապատկել իր անշարժ գույքը։
Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։ Ավանի թաղապետին են պատկանում նաեւ Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առեւտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։ Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս Մարգարյանը նշել է նաեւ, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության եւ օգնության կարգով ստացված գույք չունի եւ այլն։ Մի խոսքով, Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի։
Ըստ 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոնը մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը: Այն է` հարյուր տասնհինհգ մլն. դրամ, հիսուն հազար դոլար, հիսուն հազար եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս „Զեթ ընդ Զեթ” ընկերությունում, բնակարաններ Երեւանում – Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց – 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երեւանում, Առեւտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երեւանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք եւ շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, Հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, եւս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, Ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաեւ ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տաս միլիոն դոլարը: (Ավելացնենք, որ Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարարագրում առկա է հետեւյալ գույքը եւ միջոցները՝ Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս: Արմավիր` վաթսուն հեկտար այգի, պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, “Միլենա” տաքսի ծառայություն, Ավան առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երեւանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ):
Ըստ այլ աղբյուրների, սա ամբողջական գույքը, ունեցվածքը եւ եկամտի աղբյուրները չեն, որոնք հայտարարագրվել են Տարոն Մարգարյանի կողմից:
ՀՀ Քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանված Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:
ՀՀ Քրեական օրենսգիրք, 190-րդ հոդված „Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)”:
Ներկայացնելով սույն հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ, 178-րդ, 179-րդ, 181-185-րդ հոդվածներով, խնդրվում է՝ պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների ( «ատկատների» եւ այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման հետ:
Կից ներկայացվում է՝
http://zham.am/am/news/3850.html
http://ilur.am/news/view/12122.html
http://www.1in.am/arm/press_parmenia_176802.html
http://www.a1plus.am/am/politics/2013/03/26/taron-margaryan
Հաղորդում ներկայացնող անձ՝
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Փոխնախագահ՝ Լեւոն Զուրաբյան
Գործադիր քարտուղար՝ Սամվել Աբրահամյան»