Հունիսի 25-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատար Մամի Միզուտորիին:
Ողջունելով հյուրին՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի գրեթե տասնամյա արդյունավետ համագործակցությունը՝ արժևորելով գրասենյակի կողմից տրամադրվող աջակցությունը՝ ուղղված այս բնագավառում Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց աղետների ռիսկի նվազեցման 2015-2030թթ. Սենդայի շրջանակային ծրագրի առաջնահերթությունները։
Մամի Միզուտորին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը և փորձն աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ոլորտում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ աշխատանքն այս բնագավառում:
Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի և տարբեր գրասենյակների հետ հաստատված սերտ համագործակցությունը, Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ նախաձեռնություններում։
Զրուցակիցները համակարծիք էին, որ խոշոր աղետների կանխարգելման, կառավարման և դիմագրավման հարցում կարևոր են միջազգային հանրության հավաքական ջանքերը և գործողությունները:
Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամի Միզատորին անդրադարձ կատարեցին գրասենյակի՝ հունիսի 26-27-ը Երևանում կայանալիք աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի ծրագրին և միջոցառման շրջանակներում նախատեսվող միջոցառումերին:
ՀՀ ԱԳՆ