Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրողներն ունեին իրական հնարավորություն, բայց ընտրարշավի համար պայմանները հավասար չեն եղել, գործող նախագահը և իշխող կուսակցությունը վայելել են չափազանց մեծ առավելություն, այդ թվում կառավարության հետ առնություն ունեցող հանրային և մասնավոր լրատվամիջոցների կողմից լայն լուսաբանում: Նման եզրակացության են եկել միջազգային դիտորդները այսօր հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Իրավական խիստ շրջանակը և սահմանված արտակարգ իրավիճակով տրված լիազորությունները սահմանափակել են հավաքների և խոսքի (այդ թվում մամուլի) ազատությունը: Այնուամենայնիվ, քաղաքացիները հավատարիմ են մնացել ժողովրդավարությանը՝ մասնակցություն ունենալով ինչպես քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական երթերին: Քվեարկության օրվա ընթացակարգը հիմնականում պահպանվել է, բայց քվեաթերթիկների հաշվարկների ժամանակ շեղումներ են եղել կարևոր իրավական քայլերից:
«Հիմնարար ազատությունների սահմանափակումները, որոնք մենք տեսել ենք, իրենց ազդեցությունն են ունեցել այս ընտրությունների վրա: Հույս ունեմ, որ Թուրքիան հնարավորինս շուտ կհանի այդ սահմանափակումները»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը:- Ես ակնկալում էի Թուրքիայի իշխանությունների կողմից ավելի մեծ համագործակցություն ընտրությունների դիտորդության այսքան կարևոր առաքելությանը, քանի որ մենք միշտ գործում ենք բարեխղճորեն և հանուն Թուրքիայի լավագույն շահերի»:
Նախագահական ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու՝ մեկ կին և 5 տղամարդ, այդ թվում գործող նախագահը: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների համար գրանցել է 8 կուսակցություն:
Ընտրարշավն ակտիվ էր և ընթանում էր խիստ բևեռացված քաղաքական մթնոլորտում, թեկնածուներն իրենց քարոզարշավում օգտագործում էին տարբեր միջոցներ, և սոցիալական մեդիան կարևոր գործիք էր երիտասարդ ընտրողներին իրենց ձայնը հասանելի դարձնելու և ընտրարշավի սահմանափակումները հաղթահարելու համար: Մասնավորապես, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուն շարունակում է մնալ անազատության մեջ և չէր կարող ազատ քարոզարշավ իրականացնել: Իշխող կուսակցության կողմից պետական ռեսուրսների սխալ օգտագործումը հակասում էր պետության և կուսակցության միջև տարանջատման սկզբունքին, ասվում է հայտարարության մեջ:
«Մեր պատվիրակությունը ողջունում է ընտրողների բարձր մասնակցությունը, ինչը ցույց է տալիս Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց կամքն արտահայտելու ցանկությունը և այն գիտակցությունը, որ այս ընտրությունները կարևոր բնույթ ունեն,- ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Օլենա Սոտնիկը:- Մենք նկատել ենք ոստիկանության առավել ամուր ներկայություն ընտրատեղամասերում, քան նախորդ ընտրություններում էր, ինչը որոշ դեպքերում նպաստել է ընտրողների ու երբեմն նաև միջազգային դիտորդների վրա հնարավոր ճնշման և անապահովության մթնոլորտի ստեղծմանը»:
Խիստ իրավական շրջանակը խոչընդոտել է մամուլի ազատությանը և առաջ բերել ինքնաքննադատություն, իսկ արտակարգ դրությունը օգտագործվել է ազատության այս սահմանափակումները շարունակելու համար: Հեռարձակվող ամենահայտնի ալիքները առնչություն ունեն կառավարության հետ, ինչը նկատվել է ընտրարշավի լուսաբանման մեջ, ասում են դիտորդները: Իշխող կուսակցությունը և գործող նախագահը լուսաբանվել են նրանց, այդ թվում հանրային հեռարձակողի կողմից ավելի շատ և ավելի դրական լույսի ներքո՝ ընտրողներին զրկելով թեկնածուների մասին հավասարակշռված տեղեկատվություն ստանալուց:
Հայտարարության մեջ նշվում է, որ հիմնարար իրավունքներն ու ազատությունները լիարժեք կերպով երաշխավորված չեն Սահմանադրությամբ և օրենքով, իսկ հավաքների և խոսքի ազատությունը գործնականում սահմանափակվել է տեղական իշխանական մարմինների կողմից՝ արտակարգ դրության պատճառաբանությամբ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ծառայել են հօգուտ իշխող կուսակցության, ներկայացվել են ընտրություններից կարճ ժամանակ առաջ, առանց քննարկումների:
«Կարևոր է լուծել իրավական շրջանակին առնչվող սահմանափակումներն ու մարտահրավերները,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Պետեր Օսուսկին:- Հավասարապես կարևոր է, որպեսզի ընտրություններին վերաբերող օրենսդրությունը գործի լիարժեք և հետևողականորեն»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար դեսպան Օդրի Գլովերը նկատել է. «Իշխանությունները պետք է որոշակի աշխատանք տանեն՝ ապահովելու, որպեսզի հետագայում Թուրքիայում ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական ստանդարտներին և հանձնառություններին: Մենք մեր ամփոփիչ զեկույցում կներկայացնենք հանձնարարականներ՝ այդ գործընթացին օգնելու համար: Քանի որ քաղաքացիներն ակտիվորեն հավատարմություն են ցուցաբերում ժողովրդավարությանը, իշխանությունները պետք է քայլ կատարեն և ընդառաջ գնան նրանց պահանջին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ